ԱՄՆ Հրաձգության ազգային ասոցիացիան (ՀԱԱ) վիճարկում է նախագահ Օբամայի նոր ծրագիրը, որը նախատեսում է նախագահական լիազորություններն օգտագործելով՝ խստացնել զենքի վերաբերյալ օրենսդրությունը։ Ըստ ասոցիացիայի` դա ընդամենը «քաղաքական հնարք» է, որը չի նպաստի հասարակության անվտանգության ապահովմանը, տեղեկացնում է FoxNews-ը։
Շաբաթվա վերջին նախագահ Օբաման հայտարարել էր, որ երկուշաբթի օրը կհանդիպի գլխավոր դատախազ Լորետա Լիչի հետ՝ բռնություններին դիմակայելու տարբերակներ քննարկելու նպատակով։ Մի քանի ամիս առաջ Օբաման իր թիմին հանձնարարել էր ուսումնասիրել բռնությունների նոր ալիքի պատճառները։
Նախագահը նաև նշել է, որ այս քայլին է դիմում, քանի որ Կոնգրեսը ի վիճակի չէ գործելու։ Ակնկալվում է, որ նա հրազենի մանրածախ առևտրին վերաբերող դաշնային օրենքները խստացնելու նպատակով նախագահական լիազորություններ կկիրառի: Տեղեկացնում է POLITICO-ն։
«Նախագահ Օբաման չի կարողացել զենքի վաճառքի սահմանափակման իր օրինագիծը անցկացնել Կոնգրեսում, քանի որ ամերիկացիների մեծ մասը դեմ են զենքի նկատմամբ վերահսկողության ուժեղաղմանը»,-հայտարարել է ՀԱԱ մամուլի խոսնակ Ջենիֆեր Բեյքերը և հավելել.«ներկայումս նա անում է այն, ինչ միշտ է արել, երբ չի կարողացել իր նպատակին հասնել․ այսինքն` անտեսում է ժողովրդի կամքը և նախագահական լիազորություն կիրառում»։
Ուրբաթ օրը Օբաման հայտարարել էր, որ Կոնգրեսը ոչինչ չի անում և ավելացրել է, որ ինքը անավարտ գործեր ունի։
Օբաման, ով այժմ ընտանիքով հանգստանում է Հավայան կղզիներում, իր շաբաթական ուղերձում ասել է. «Ես ծնողներից, երեխաներից ու ուսուցիչներից բազմաթիվ նամակներ եմ ստացել և չեմ կարող ձեռքերս ծալած նստել»։
Նախատեսվող փոփոխությունների համաձայն զենքի մանրածախ առևտրով զբաղվող անձինք պետք է գնորդների ստուգման մասին հաշվետվություններ ներկայացնեն, սակայն դրանք ամբողջությամբ չեն վերացնում այդպիսի խանութներից առանց ստուգում անցենելու հրազեն ձեռք բերելու հնարավորությունը։
Ինչևէ հրազենի վաճառքը սահմանափակող օրենքների խստացմանն ուղղված Օբամայի ջանքերը հաջողության չհասան և Սենատի ժողովրդավարական և հանրապետական պատգամավորների կողմից բավարար օժանդակություն չստացան։
«Ամերիկայում զինված բռնությունները վերապրած կամ դրանց հետևանքով, երեխա, ամուսին կամ կին կորցրած անձինք ստիպված են այս սարսափելի իրադարձությունը վերհիշել ամեն օր։ Մինչդեռ Կոնգրեսը մինչև օրս ոչ մի քայլ չի ձեռնարկել ուրիշ ընտանիքներին նշված ընտանիքների հետ կատարվածից զերծ պահելու համար», – ասել է Օբաման։
Օբամայի այս նախաձեռնությունը նաև նպատակ ունի պատասխան հարված հասցնել Հրաձգության ազգային ասոցիացիային, որը հաջողությամ գլխավորում է Սանդեյ Հուք տարրական դպրոցում տեղի ունեցած գնադկոծությունից հետո Օբամայի նախաձեռնած ծրագրերի դեմ պայքարը։
«Օբամայի այս ջանքերը ոչ այլ ինչ են, եթե ոչ քաղաքական հնարք՝ բռնությունների դեմ պայքարող միլիարդատեր Մայքլ Բլումերգին հանդարտեցնելու համար։ Եվ դրանք ոչ մի կերպ չեն նպաստի հասարակական անվտանգության մակարդակը բարձրացնելուն»,- շաբաթ օրը հայտարարել է ՀԱԱ մամուլի խոսնակ Ջենիֆեր Բեյքերը։
Գործող օրենքի համաձայն՝ «ապրուստ և շահույթ ապահովելու նպատակով» զենքի առևտրով զբաղվող անձինք պետք է վաճառքով զբաղվելու արտոնագիր ստանան Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի արտոնագիր տրամադրող բյուրոյից։ Սա նշանակում է, որ հրազենի առևտուր իրականացնողը պարտավոր է հրազենի գնորդի ստուգում իրականացնել անկախ այն հանգամանքից թե ինչպես է իրականացվում հրազենի վաճառքը ներառյալ առցանց վաճառքը և հրազենի ցուցահանդեսներում իրականցվող վաճառքը։
2014թ․-ին Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի արտոնագիր տրամադրող բյուրոն առաջարկել է, որ դաշնային պաշտոնյաները տեղեկացվեն կորած զենքերի մասին, բայց զենք արտադրողները հաջողությամբ վիճարկեցին այդ հարցը և պնդեցին բավարարվել միայն կամավոր հաշվետվությամբ։
Պատրաստեց՝ Անի Ասրյանը