Ամանորն օգտագործում եմ որպես արձակուրդ. Երվանդ Վարոսյան

Հարցազրույց փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ:

Ո՞րն էր 2015թ. կարևորագույն իրավական իրադարձությունն Ձեր կարծիքով:

Բնականաբար, կարևորագուն իրադարձությունը թերևս նոր սահմանադրության նախագծի շրջանառումն էր, ապա այդ կապակցությամբ իրականացված հանրաքվեն։ Սահմանադրական փոփոխությունների թեման տարվա ընթացքում բավական արծարծվել է, իմ կարծիքը նոր սահմանադրության մասին շարունակում է մնալ բացասական։ Չեմ կարծում, թե այժմէական է կրկին մանրամասնելը, պարզապես կապրենք, կտեսնենք, թե ինչ կտա այն Հայաստանին։

Արդյոք մեր երկում դրակա՞ն տեղաշարժ է արձանագրվել արդարադատության տեսանկյունից:

Կարելի է այս հարցին հստակ պատասխանել` ոչ, քանի որ առանձին դատավորների կողմից, առանձին գործերով իրականացված արդարադատությունը դեռևս համակարգային առումով որակական առաջընթաց չի կարելի համարել։ Իսկ առանձին դատարաններում, ինչպես օրինակ Վերաքննիչ քրեականն է, իրականացվող էվոլյուցիոն դրական փոփոխություններն առայժմ կապված եմ բացառապես մի քանի դատավորների անձերից ու տեղաշարժերի տեմպերի չարագացման պարագայում դատապարտված են հոդս ցնդելու։

Կոռուպցիոն իրավական ոլորտում նվազե՞լ, թե՞ աճել է 2015թ.-ին:

Կարծում եմ կոռուպցիայի մակարդակը նույնն է և այն խիստ վտանգավոր է։ Իրականացվող հակակորուպցիոն ծրագրերն էլ ծրագրեր են ծրագրերի համար։ Առանձին ոլորտներում կամ առանձին կառույցներում փորձարկումներ անելով կոռուպցիան չես վերացնի, անհրաժեշտ է ամբողջական հստակ մոտեցում ու քաղաքական կամք։

Գո՞հ եք գործադիր և օրենսդիր մարմնի աշխատանքներից:

Ցավոք, պետք է արձանագրել, որ մեր հասարակությունը վաղուց արդեն հետաքրքրված չի նշված մարմինների աշխատանքով։ Այդ մարմինների մասին հիշում ենք առավելապես որևէ անձի շուրջ տեղի ունեցող դիպվածի համատեքստում, այդ մարմիններն ընկալվում են իբրև ինչ-֊որ երկար և զվարճալի սերիալի հերոսներ։ Ցավով եմ սա ասում, բայց այդպես է. նրանց աշխատանքը հասարակությանը չի հետաքրքրում, ու դրա մեղավորը հասարակությունը չէ, թերևս իրական նպատակների ու դրանց հասնելուն ուղղված աշխատանքի բացակայությունն է պատճառը։

Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2016թ.-ից:

Էական տեղաշարժ, ցավոք սրտի որևէ ոլորտում չեմ ակնկալում, առավելապես սպասողական է լինելու տարին իմ կարծիքով։

Ինչպե՞ս եք նշում Ամանորը:

Ամանորյա տոները տարվա այն բացառիկ ժամանակահատվածն են, երբ կարող ես իրականում հանգստանալ։ Քրեական արդարադատության ոլորտում աշխատող փաստաբաններն ինձ կհասկանան։ Այդ շրջանում տևական ժամանակ այցելության համար փակ են քրեակատարողական հիմնարկները, չեն աշխատում դատարաններն ու նախաքննական մարմինները։ Այդ պատճառով էլ վերջին տարիներին Ամանորն օգտագործում եմ որպես արձակուրդ, հնարավորության դեպքում այն անցկացնելով արտերկրում, ինչը հնարավորություն է տալիս իրական հանգստի ու հաջորդ աշխատանքային տարվան նախապատրաստվելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել