Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:
-Ըստ Ձեզ, ինչո՞վ էր առանձնահատուկ 2015 թվականը` իրավական ոլորտում կատարված փոփոխությունների առումով: Ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ եղան:
-Անշուշտ, բոլորիս համար կարևոր իրադարձություն էր սահմանադրական հանրաքվեն, սահմանադրական բարեփոխումները, որով համակարգային փոփոխություններ են նախատեսվում գալիք տարում, և, լիահույս եմ, որ այդ գործընթացները կուղեկցվեն առանց «ցնցումների»: Այնուհետև՝ Հայաստանի 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունն էր, որում փոփոխությունները ընդգրկելու մի շարք առաջարկություններով հանդես էր եկել ՀԵԻԱ-ն:
-Ո՞րն էր այն քայլը, որը միգուցե մեծ հարված էր արդարդատության համակարգին:
-Հասարակության անվստահությունը և անտարբերությունը դեպի արդարադատություն: Յուրաքանչյուրս պետք է լինենք նախաձեռնող, հետևողական, մասնակից դառնանք մեր երկրում ընթացող բարեփոխումներին:
-Ո՞րն էր Ձեզ համար ամենազդեցիկ դատական գործը:
-Որպես այդպիսին ամենազդեցիկ դատական գործ այս պահին առանձնացնել չեմ կարող, բայց կնշեմ ոչ պակաս կարևոր մի իրավական նախաձեռնության մասին, որն ուղղված էր ժամանակավոր անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանությանը, ինչի նպատակով ստեղծված նախաձեռնությունը այս տարի ամենամյա Հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվեց «Տարվա ՔՀԿ» անվանակարգի հաղթող։
-Ո՞վ է այն իրավաբանն, ով այս տարի առավելապես աչքի ընկավ իր ազնվությամբ և մասնագիտական լուրջ գիտելիքներով ու հմտություններով:
-Չեմ ուզում առանձնացնել որևէ մեկին:
-Աբսուրդային իրավական փաստաթղթեր հանդիպե՞լ եք այս տարի, որո՞նք էին և ինչո՞ւ:
Այս պահին չեմ կարող մտաբերել:
-Ամենազավեշտալի դեպքը, որ պատահեց աշխատանքի ընթացում:
-Ինչն առաջինը մտաբերեցի այն, երբ շտապողականության արդյունքում փաստաթղթին պետական տուրքի վճարման անդորրագրի փոխարեն կցեցի կոմունալ վճարումների անդորրագիրը։
-Ի՞նչ եք խնդրել Ձմեռ Պապիկից:
-2015 թվականը ցավոք ծանր էր մարդկային կորուստների տեսակյունից։ Այս կախարդական մարդուց խնդրել եմ մեր սահմաններին ամրություն և զինվորներին անվտանգություն։ Ես հավատում եմ հրաշքներին, և սպասում եմ այն օրվան, երբ մեր սահմաններում կտիրի խաղաղություն:
-Ինչպե՞ս եք դիմավորում Ամանորը:
-Ամանորը ինքին արդեն իսկ հրաշալի ընտանեկան տոն է։ Այն դիմավորում եմ ընտանիքիս հետ միասին:
-2016-ից ձեր ակնկալիքներն ու մաղթանքը:
-Անկնկալում եմ, որ 2016 թվականը պետք է լինի հաղթանակների և բարեկեցության տարի, մաղթում եմ բոլորին խաղաղություն և երջանիկ աչքեր, յուրաքանչյուր ոք թո՛ղ լինի հաջողակ և իրեն զգա անվտանգ ու պաշտպանված: