Ոստիկանության պարզաբանումը

Նոյեմբերի 24-ին www.hraparak.am կայքում և «Հրապարակ» թերթում հրապարակված «Այո»-ի ձեռքը կրակն են ընկել» հոդվածում նշված հանգամանքերը ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել էր ծառայողական քննություն, որը հանձնարարվել էր ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը:

Քննության ընթացքում հեռախոսակապ է հաստատվել «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ` հոդվածում նշված հանգամանքների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, ինչպես և նշված տեղեկությունը հայտնած անձի տվյալները պարզելու համար: Գլխավոր խմբագիրը հրաժարվել է հոդվածում նշվածից բացի այլ տեղեկատվություն տրամադրել:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետը, նույն վարչության պետի տեղակալը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը, նույն բաժնի պետի երկու տեղակալները, քրեական հետախուզության բաժանմունքի պետը, համայնքային ոստիկանության բաժանմունքի պետը և ոստիկանության ՊՊԳ վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի պետը բացատրություններով հայտնել են, որ հոդվածում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ավելին, ոստիկանության որևէ ծառայողի երբևէ չի պարտադրվել ներկայանալ քվեարկության և չի խոչընդոտվել նրանց կամքի ազատ արտահայտման իրավունքը: Որևէ վերադասի կողմից քվեարկության ներկայանալու կամ «այո» քվեարկելու վերաբերյալ «հանձնարարական» երբևէ չի ստացվել և ենթակա ստորաբաժանումների որևէ ծառայողի նման «հանձնարարական» չի տրվել:

Կատարված ծառայողական քննության արդյունքներով՝ հրապարակման մեջ նշված` հանրաքվեի ընթացքում սահմանադրական փոփոխությունների օգտին «այո» քվեարկելու համար ոստիկանության ծառայողների նկատմամբ վերադասի կողմից պարտադրանքի առկայության վերաբերյալ տեղեկությունը չի հիմնավորվել և ոստիկանության ծառայողների կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել