Կուրսանտի մահվան գործով նախաքննությունը միակողմանի է կատարվել. փաստաբան

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ, 19-ամյա Հայկազ Բարսեղյանի մահվան գործով նախաքննությունը միակողմանի է կատարվել, չեն քննվել տղայի մահվան այլ վարկածները. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց այս գործով ամբաստանյալների Գնել Թևոսյանի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանը:

Նա նշեց, որ այս գործով հոգեական, չի բացառվում նաև ֆիզիկական ճնշումների հետևանքով ստացվել են Գնել Թևոսյանին մեղադրող ցուցմունքներ: Վկաների մեծ մասը զինծառայողներ են, կուրսանտներ, որոնց վրա ազդեցություն գործելու մեծ լծակներ կան. «Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ վկաները կուրսանտներ են, ապագա սպաներ և ուղղակի կախավածություն ունեն պաշտպանության նախարարությունից: Իսկ այս գործով պաշտպանության նախարարն անձամբ խիստ բացասական հայտարարություններով հանդես եկավ, թե պարզ է ինչ է եղել և ովքեր են կատարել: Այս հայտարարությունն իր բացասական ազդեցությունն ունեցավ գործի վրա»,- ասաց Ա. Զաքարյանը:

Փաստաբանն ասաց, որ եթե վկաների վրա ազդելու լծակներ կային, ապա փորձագետների վկա չէին կարող և ստացված փորձագիտական եզրակացությունները ցույց են տալիս, որ իր պաշտպանյալը որևէ առանչություն չունի դեպքի հետ. «Գործով Գնել Թևոսյանն ու  ընկեր-զինծառայողների հետ մտել է Հայկազ Բարսեղյանի սենյակ և շուրջ 40 րոպե ուժ են կիրառել, սպանել են, շորերը հագցրել, տարել-կախել են: Այդքան ժամանակ մնալ սենյակում և հետք չթողնել, կասկածի տեղիք  էտալիս: Չկա որևէ հետք ոչ մազի, ոչ եղունգների տակ, ոչ մատնահետքեր»:

«Գործով պարզվել է, որ Հայկազ Բարսեղյանը մեծ քանակությամբ արյուն է կորցրել, փսխել է: Բնականաբար,  եթե տեղափոխում են նրան, ո՞նց հնարավոր էր նրանց վրա հետքեր չլինեին՝ ոչ արյան, ոչ քրտինքի, ոչ թքի»:

Դատաձեռագրաբանական փորձաքննությամբ էլ նշվել է, որ հայտանաբերված գրությունը, որտեղ իբր Հայկազ Բարսեղյանը խնդրում է ոչ ոքի չմեղադրել իր մահվան մեջ, գրվել է հենց նրա կողմից: Փաստաբանի խոսքով, կասկածի տեղիք է տալիս նաև այն, որ Գնելն ու մյուսները մտել են սենյակ, բռնի գործողություններ են կատարել և այդ սենյակում գտնվող մյուս վեց հոգին չեն միջամտել. նրանց մեջ եղել են նաև Գնելի ընկերներից և որևէ կաշկանդավածություն չեն ունեցել միջամտելու:

Արա Զաքարյանը նշեց նաև, որ նախաքննության ընթացքում մահվան վերաբերյալ այլ վարակածների ուղղությամբ նույնպես քննություն չի տարվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել