ԱԱԾ-ի հատուկ գործողությունը. ի՞նչ դասեր է պետք քաղել այսօրվա դեպքերից

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայություն այսօր բացահայտեց կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն, թե քանի տարվա ազատազրկում է սպասվում նրանց, եթե մեղսագրվող արարքը հիմնավորվի, կարող եք կարդալ՝ այստեղ:

Ըստ ԱԱԾ-ի երկրորդ հայտարարության՝ խուզարկություններով հայտնաբերվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքավորումներ, փամփուշտներ, փամփշտակալներ, կապի միջոցներ ու այլ տեսակի զենք և ռազմամթերք:

«Եթե այդքան զենք-զինամթերք է գտնվում ապօրինի շրջանառության մեջ, մտահոգության տեղիք է տալիս այն իմաստով, որ կա վերահսկողությունից դուրս զենք-զինամթերք ու այդ իմաստով իրավապահ մարմինները պարտավոր են իրականացրել հետաքննություն՝ պարզելու, թե որտեղից է այն հայտնվել այս մարդկանց ձեռքում»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Ըստ նրա՝ եթե այս զենքը ներմուծվել է արտերկրից, ապա լուրջ ազդանշան է, որ այս պարագայում խնդիր ունենք. «Իսկ եթե ձեռք է բերվել ՀՀ-ի ներքին աղբյուրներից, ապա կրկնակի ազդանշան է ու մարտահրավեր, որ կա ապօրինի շրջանառության մեջ գտնվող, իր ծավալով աննախադեպ ռազմամթերք»,- նշեց պարոն Նորիկյանը:

Նա կարծում է, որ իրավասու մարմինները պարտավոր են, հաշվի առնելով գործի հանդեպ հասարակական հնչեղությունը, տեղեկացնել քաղաքացիներին՝ ի՞նչ ծանր հանցագործությունների մասին է խոսքը, ովքե՞ր են ձերբակալվածներն ու ի՞նչ նպատակներ են հետապնդել:

Նախապատրաստող հանցագործությունների բացահայտման մենաշնորհը օպերատիվ հետախուզական միջոցառումներն են, որոնք, փաստորեն, այս պարագայում իրականացել են: Կարծում է փաստաբան Արմինե Ֆանյանը:

Փարիզի հայտնի ահաբեկչությունների ֆոնին քաղաքացիներ և տարբեր լրատվամիջոցներ այս խմբին որակում են որպես ահաբեկիչներ, թեև պաշտոնապես այս մասին խոսք չի գնում, առավել ևս եթե հաշվի առնենք անմեղության կանխավարկածը, ապա հարկավոր է զերծ մնալ որևէ գնահատականներից:

Ինչևէ, խոսելով մեր երկրում ահաբեկչության վտանգի մասին փաստաբանը նշեց, որ Հայաստանում բավականին հեշտ է ահաբեկչական ակտ իրականացնել, նա համեմատություն է անցկացնում եվրոպական երկրների հետ. «Ես նոր եմ եվրոպայից եկել, այնտեղ անգամ խանութ մտնելու դեպքում մարդկանց ստուգում են, բաճկոնից սկսած խնդրում էին բացել ու զննում էին: Մեզ մոտ բացարձակապես հսկողություն չկա»,- փոխանցեց փաստաբանը՝ կարծիք հայտնելով, որ մեր երկրում այդ դաշտը բավականին թույլ է:

Բացահայտված խմբին որոշ լրատվամիջոցներ փորձում են փոխկապակցել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ: Այս քաղաքական ուժից մեզ մինչ այս հայտնել էին, որ իրենք որևէ կապ չունեն խմբի հետ, տարածել են նաև հայտարարություն՝ վստահեցնելով առնչության բացակայության մասին:

Երևանում այսօր ողջ օրը ոստիկանները ուժեղացված հսկողություն են ծավալել, դրանք շարունակվում են նաև այս պահին:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել