ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ա. Ս. Նազարեթյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհելու մասին: Հրամանագրում ասվում է՝
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անժելա Սերյոժայի ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արման Հովհաննեսի ՍԱՐԳՍՅԱՆը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: