27-ամյա Արթուր Շահինյանը դատապարտվել է շահադիտական նպատակներով սպանություն կատարելու համար:
Գործի նյութերի համաձայն, նա ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, նախապես տեղյակ լինելով, որ Անյա Մուսայելյանը տանը մենակ է՝ նրա որդին և թոռները Հայաստանում չեն, 2013թ. հուլիսի 19-ի գիշերը, նախնական համաձայնության գալով քննությամբ չպարզված այլ անձի հետ, մոտեցել է Ա. Մուսայելյանի տանը:
Հագնելով իր հետ նախապես վերցրած բժշկական ձեռնոցները, քննությամբ չպարզված անձի հետ, բակի կողմից դեպի հողամաս տանող մետաղյա դռան վրայով մագլցելով, բարձրացել է տան 2-րդ հարկի կողային հատվածի բաց պատշգամբ, որտեղից փորձել է բացել դեպի տուն տանող դուռը, սակայն չկարողանալով բացել` դարանակալել է պատշգամբում, փորձելով լուսադեմին, առանց խոչընդոտներ հաղթահարելու մուտքի դռնից ներխուժել տուն, քաջատեղյակ լինելով Ա.Մուսայելյանի այն սովորությանը, որ վերջինս պարբերաբար վաղ առավոտյան բացում է տան մուտքի դուռը և դուրս գալիս պատշգամբ:
Առավոտյան 6:30-ի սահմաններում, գտնվելով հիշյալ տան 2-րդ հարկի կողային բաց պատշգամբում, պատահական դիպել է այնտեղ գտնվող աթոռներից մեկին, որի վրա դրված սկուտեղով կարկանդակները թափվել են հատակին: Հատակից հավաքել է դրանք, լցրել է սկուտեղի մեջ և դրել աթոռին, որից հետո լսել է մուտքի դռան բացվելու ձայնը:
Առաջանալով տան անկյունային հատված, տեսել է պատշգամբում կանգնած Ա.Մուսայելյանին, ով աստիճանավանդակներով իջել է տան բակ, առաջացել դեպի բակում կանգնած որդու` Կ.Մուսայելյանի ավտոմեքենան:
Օգտվելով ստեղծված առիթից, քննությամբ չպարզված անձի հետ միասին, տան կողային հատվածի պատշգամբից մագլցել, անցել է դիմային հատվածի պատշգամբ, աննկատ մոտենալով` բաց դռնից ապօրինի մուտք է գործել տուն և սկսել գումար ու ոսկյա զարդեր փնտրել տան ննջասենյակներում և հյուրասենյակում:
Ապա վնասելով Ա.Մուսայելյանի որդու` Կ.Մուսայելյանի ննջասենյակի զգեստապահարանի դռան փականը, բացել է այն, այնտեղից դուրս բերել մետաղյա չհրկիզվող պահարան, դրա միջից հափշտակել է Կ.Մուսայելյանին պատկանող ոսկյա զարդեր, մասնավորապես 1 հատ շղթայատիպ օվալաձև տեսքով 585 հարգի ոսկուց վզնոց՝ իր ոսկյա խաչով, 1 հատ 750 հարգի սպիտակ ոսկուց վզնոց, 1 հատ 750 հարգի 80 գրամ քաշով ոսկյա թևնոց, 2 հատ 585 հարգի, միանման, յուրաքանչյուրը 30-40 գրամ քաշով տղամարդու ոսկյա վզնոցներ, որոնցից մեկը ոսկյա խաչով, 2 հատ ոսկեպատ գրիչներ, 1 հատ 750 հարգի 90 գրամ քաշով: Ննջասենյակի անկողնու կողքին գտնվող դարակից հափշտակել է Կ.Մուսայելյանի մահացած կնոջ ոսկյա զարդերը, որից հետո փորձել է աննկատ հեռանալ, սակայն Ա.Մուսայելյանը նկատել է գողերին ու բղավել:
Արդեն իսկ բացահայտված լինելով, Ա.Շահինյանը քննությամբ չպարզված անձի հետ միասին հարձակվել է Ա.Մուսայելյանի վրա, Ա.Շահինյանը գրկել է վերջինիս թիկունքի կողմից, ձախ ձեռքի արմնկային մասով բռնել պարանոցից, քաշելով տեղափոխել միջանցք, տան հետնամասի` բակի կողմ տանող դռան մոտ: Ա.Մուսայելյանը դիմադրել է, ճանկռելով Ա.Շահինյանին, վնասելով վերջինիս ձեռնոցը, ապա նաև ձեռքը, ինչպես նաև վնասել է Ա.Շահինյանի քննությամբ չպարզված հանցակցին, որի արդյունքում Ա.Մուսայելյանի ձեռքերի եղունգների տակ մնացել են վերջինիս արյան հետքերը:
Կնոջ դիմադրությունը հաղթահարելու ընթացքում վերջիններս սուր կտրող-ծակող գործիքով վնասել են Ա.Մուսայելյանի աջ դաստակի 2, 3 և 4-րդ մատերի հատվածը, իսկ Ա.Շահինյանը ձախ ձեռքի արմնկային հատվածով սեղմելով պարանոցը, դիտավորությամբ փորձել է խեղդամահ անելու եղանակով ապօրինաբար կյանքից զրկել Ա.Մուսայելյանին, անշարժացրել է վերջինիս, պառկեցրել հատակին, որից հետո Ա.Մուսայելյանի մատներից հանելով հափշտակել է նրա ամուսնական ոսկյա մատանին և ևս 1 ոսկյա մատանի՝ ադամանդե քարերով:
Դրանից հետո շարունակել տան ննջասենյակներում գումար փնտրելը, սակայն ոչինչ չի գտել: Վերադարձել է միջանցք և տեսել, որ Ա.Մուսայելյանը ողջ է և սողալով մոտենալով տան դեպի բակ տանող դռանը, բացել է այն: Ա.Շահինյանը մոտենալով Ա.Մուսայելյանին, կրկին բռնել է վերջինիս պարանոցը և սեղմելով խեղդելու եղանակով դիտավորությամբ կյանքից ապօրինի զրկել նրան: Այնուհետև գնալով խոհանոց վերցրել է 2 սրբիչներ, որոնցից մեկով մաքրել է հատակի արյունը, մյուսով` իր կողմից թողնված հնարավոր բոլոր հետքերը:
Ապա քննությամբ չպարզված անձի հետ դուրս է եկել կողային պատշգամբ տանող դռնից, դռան վրա գտնվող բանալիով բացել է դուռը, իր հետ վերցրած սավանը դնելով պատշգամբի քարե հենակին և դրա վրայով մագլցելով, ցատկել է տան այգու տարածք, իջնելով այգու վերջնամաս, աջ կողային ցանկապատի վրայով անցնելով` դուրս է եկել դեպի ձոր, դիմել է փախուստի` հափշտակելով առանձնապես խոշոր չափերի հասնող ոսկյա զարդեր` Կ.Մուսայելյանին պատճառելով 4.510.000 ՀՀ դրամի ընդհանուր արժողության գույքային վնաս:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Արթուր Շահինյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրան դատապարտել է ազատազրկման 18 տարի ժամկետով:
Դատավճիռը բողոքարկվել է, ներկայումս գործը քննվում է վերաքննիչ ատյանում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: