Խաչապուրիից ու կարկանդակներից 52 դպրոցականի թունավորման գործը դատարանում է

62-ամյա Գրիգոր Նազարյանը ամբաստանյալի աթոռին է հայտնվել 52 դպրոցական երեխայի թունավորման և հոսպիտալացման պատճառով: Գործը քննվում է Արարտի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝  Գրիգոր Նազարյանը եղել է հրուշակաեղենի արտադրամասի սննդի շղթայի օպերատոր և եղել է սննդամթերքի անվտանգության համար հիմնական պատասխանտու անձը: Նա չի պահպանել Կառավարության կողմից հաստատված «Սննդամթերքի հիգենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» կարգի պահանջները:

2015 թվականի սեպտեմբերի 9-10-ն ընկած ժամանակահատվածում արտադրամասում որպես հրուշակագործ աշխատող Անատոլիա Կիրակոսյանի և Անուշ Միքայելյանի կողմից պատրաստվող խաչապուրիի, գաթայի, կեկսի, բուլկիի, կարտոֆիլով կարկանդակի և նրբերշիկով հոթ-դոգի արտադրության բոլոր փուլերում չի իրականացրել վտանգի աղբյուրների վերլուծության հիգենիկ պատշաճ գործելակերպի կանոնների համատեղ կիրառումն ամրապնդող վերահսկողություն:

Սրա հետևանքով թույլատրել է արտադրել սպառողների առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող հրուշակեղեն, այն է` երկրոդային աղտոտվածությամբ` ԱՑԽՄ /Աղիքային ցուպիկ/ և Բացիլուս Ցերեուս /Bacillus cereus/ տեսակի մանրէներով ախտահարված սնունդ, որն էլ  էլ 2015 թվականի սեպտեմբերի 10-ին առաքվել է Արարատի մարզի Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցներ: Սնունդը վաճառվել է  7-17 տարեկանների շրջանում:

Մանրէների քանակը գերազանցող հրուշակեղենն ուտելուց հետո նույն օրը Այգեզարդի միջնակարգ դպրոցի 8 աշակերտ և Բաղրամյանի միջնակարգ դպրոցի 44 աշակերտ  «սրտխառնոց, որովայնի շրջանի ցավեր, փորլուծություն, գլխացավ, դող և ջերմության բարձրացում» կլինիկական հիմնական ախտանշաններով  բուժօգնության են դիմել Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ էլ վերջիններիս մոտ ախտորոշվել է սննդային թունավորում: Երեխաների առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս է պատճառվել:

Ամբաստանյալի հանդեպ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել