ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 32-ամյա տղամարդուն դանակահարելու և ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, ինքնությունը, ովքեր հանդիսանում են պայմանագրային զինծառայողներ։
ՔԿ-ից հաղորդում են, որ 2015 թվականի մայիսի 31-ին ահազանգ էր ստացվել, որ գործով տուժող 32-ամյա Գ.Սաղաթելյանը կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրան մարմնական վնասվածք է պատճառվել Բաշինջաղյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։
Նախնական քննության տվյալներով՝ տուժողը 2015 թվականի փետրվարին տոկոսով պարտքով վերցրել է 400.000 ՀՀ դրամ իր մի ծանոթից, ում հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ: Շուրջ երկու ամիս անց 330.000 ՀՀ դրամը վերադարձրել է և պարտավորվել մնացած 70.000 ՀՀ դրամ մայր գումարը և 120.000 ՀՀ դրամ տոկոսը վերադարձնել ավելի ուշ՝ 40 օրվա ընթացքում։ Ապա տեղեկանալով, որ ծանոթն իրեն ստել է իրեն տրված պարտքով գումարի աղբյուրի մասին, և իրականում նա իր անձնական գումարներից է պարտքով գումարը տվել՝ Գ.Սաղաթելյանը հայտարարել է, որ տոկոսագումարը չի վերադարձնելու։
Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ տոկոսագումարն ստանալու համար պարտատերը դիմել է Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Մ. Սամսոնյանին և 31-ամյա Գ.Բաղդասարյանին, իսկ Գ.Սաղաթելյանն իր մեկ այլ ծանոթի։ Հանդիպումների արդյունքում, ի վերջո, համաձայնություն է ձեռք բերվել, որ պարտապանը կվերադարձնի տոկոսագումարի միայն մի մասը՝ 50.000 դրամը։ Մայր գումարն ամբողջությամբ և տոկոսագումարի հիմնական մասը վերադարձնելուց հետո կողմերի միջև կրկին տարաձայնություն է առաջացել, թե պարտապանը, ում պետք է վերադարձնի մնացած 20 հազար դրամը։ Պարզաբանման համար կողմերը 2015 թվականի մայիսի 31-ի երեկոյան հանդիպել են Բաշինջաղյան փողոցում, որի ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ։
Քննությամբ պարզվել է, որ հանդիպման մասնակիցների հեռանալուց հետո, երբ Գ.Սաղաթելյանը մնացել է մենակ, Գ.Բաղդասարյանն ու Մ.Սամսոնյանը վերադարձել են և բռնություն գործադրել Գ. Սաղաթելյանի նկատմամբ։ Նախնական քննության տվյալներով՝ Մ.Սամսոնյանն իր մոտ գտնվող դանակով 3 անգամ հարվածել է Գ.Սաղաթելյանի ձախ բազկին, որովայնի և կրծքավանդակի հետին պատի մակերեսին՝ պատճառելով նրա կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս, իսկ Գ.Բաղդասարյանն էլ բռունցքներով շուրջ 4-5 անգամ հարվածներ է հասցրել նրան, ապա նստել են ավտոմեքենան ու հեռացել: Գ.Բաղդասարյանն ու Մ.Սամսոնյանը հանդիսանում են պայմանագրային զինծառայողներ։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 30-ամյա Մ.Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 31-ամյա Գ.Բաղդասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: