ՀՀ ճանապարհային երթեվեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին կառավարության N 955-Ն որոշման համաձայն՝ դեղին ազդանշանն արգելում է երթևեկությունը և նախազգուշացնում ազդանշանի առաջիկա փոփոխման մասին, սակայն առկա է մեկ բացառություն, որը սահմանվում է որշման երկրորդ գլխի (Լուսացույցի և կարգավորողի ազդանշանները) 19-րդ կետով:
Այն է՝ դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողը ձեռքը բարձրացնելու դեպքում այն վարորդները, որոնք հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգնել կանոնների 18-րդ կետում նշված տեղերում (դրանք են` «Կանգ-գիծ» գծանշման, խաչմերուկում` հատվող երթևեկելի մասի առջև, երկաթուղային գծանցից առաջ, այլ վայրերում` լուսացույցի կամ կարգավորողի առջև` խոչընդոտ չստեղծելով), կարող են շարունակել երթևեկությունը: Այդ ազդանշանի դեպքում երթևեկելի մասի վրա գտնվող հետիոտները պետք է ազատեն այն, իսկ եթե դա հնարավոր չէ, կանգ առնեն հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա: