Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2015 թվականի նոյեմբերի 13-ին ընդունած թիվ 14-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել 2012 թվականի մարտի 16-ի Բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի լրացման, բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու կամ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի լրացման, բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, նրա հետ համատեղ ապրող ծնողին, չափահաս և չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պատկանող հարկային տարվա գույքի և եկամուտների հայտարարագրի լրացման ուղեցույցները հաստատելու մասին թիվ 4-Ա որոշումը: Նույն որոշմամբ սահմանվել են նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջները և հայտարարագրերի ներկայացման կարգը: Հանձնաժողովը մեկ այլ՝ թիվ 15-Ա որոշմամբ հաստատել է ուղեցույց՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով լրացման և ներկայացման վերաբերյալ: