Քրոջը ծեծել ու սպառնացել է կոկորդը կտրել. ՔԿ-ում 44-ամյա տղամարդու մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 44-ամյա տղամարդու կողմից իր 55-ամյա քրոջը ծեծելու և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ամուսնալուծված 44-ամյա Ա.Օհանյանը բնակվել է իր 55-ամյա քրոջ հետ, ում հետ ունեցել է լարված փոխհարաբերություններ՝ նրան մեղադրելով իր ամուսնալուծության մեջ։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2015 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում տղամարդը վերադարձել է տուն և քրոջը կրկին մեղադրել իր ամուսնալուծության մեջ, ապա նաև բռնություն գործադրել նրա նկատմամբ։

Նախնական քննության տվյալներով՝ ոտքերով և բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել 55-ամյա քրոջ գլխին և մարմնի տարբեր մասերին՝ սպառնալով կոկորդը կտրել: Սպառնալիքն իրական ընդունելով՝ կինը մեկհարկանի առանձնատան պատուհանից դուրս է ցատկել, որի հետևանքով ստացել է ձախ սրունքի զույգ ոսկրերի դիստալ ծայրերի տեղաշարժով բաց կոտրվածքներ: Եղբայրը նրան բերել է տուն և շարունակել բռունցքներով հարվածներ հասցնել քրոջ գլխին։ Կիրառված բռնության հետևանքով կինն ստացել է տարբեր վնասվածքներ՝ գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, գլխուղեղի գագաթային ձախ բլթում կոնտուզիոն հեմոռագիկ օջախ, սուբարախնոիդալ արնազեղում, ողնաշարի գոտկային երրորդի ողի կողմնային ելունների կոտրվածքներ, գլխի գագաթային, զույգ ստորակնակապճային, վերին շրթունքի, ձախ բազկի, կրծքավանդակի առաջային մակերեսի շրջանների արնազեղումներ:

55-ամյա կինն օգոստոսի 7-ի առավոտյան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրան պատճառված մարմնական վնասվածքները, դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, գնահատվել են ծանր։

Քննությամբ պարզվել է նաև, որ ինչպես քրոջ հիվանդանոց տեղափոխվելուց առաջ, այնպես էլ դրանից հետո՝ հիվանդանոցում բուժում ստանալու ընթացքում, եղբայրը պարբերաբար այցելել է նրան և սպառնացել կատարվածի մասին չհայտնել ոստիկանության աշխատակիցներին՝ հակառակ պարագայում սպառնալով սպանել։

Արդյունքում՝ բուժաշխատողիներին և իրավապահներին, քննության նախնական փուլում, քույրը հայտարարել է, թե վնասվածքներն ստացել է տան նկուղում ընկնելու հետևանքով:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել