Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող հագուստի խանութներից մեկում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Քննչական կոմիտեից հաղորդում են, որ 2015 թվականի օգոստոսի 27-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող հագուստի խանութներից մեկում առերևույթ հանցագործություն կատարած անձն իր պայուսակից հափշտակել է դրամապանակը, որում եղել է բանկային քարտ, կանխիկ զգալի գումար։
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են խանութում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որոնք զննվել են գողության մասին հաղորդում ներկայացրած կնոջ մասնակցությամբ։ Վերջինիս հայտարարության համաձայն՝ իր դրամապանակը հափշտակել է տեսագրության մեջ երևացող՝ նիհար կազմվածքով, կարճ սանրվածքով, սև մազերով, մեծ սուր քթով, մուգ մաշկով երիտասարդը, ում հագին այդ պահին եղել է կապույտ վերնաշապիկ, սև տաբատ:
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ նշված երիտասարդի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: