Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր ամփոփիչ ելույթ ունեցավ ԱԺ-ում՝ խոսելով 2016թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախ նա շեշտեց, որ պատգամավորների ակտիվությունն աննախադեպ էր: Գագիկ Խաչատրյանը նաև անդրադարձավ բարձրացված մի քանի հարցերից:
Խոսեց Փոքր և միջին ձեռնարկությունների զանգվածային փակման լուրերից: Նախարարը վստահ է, որ ՓՄՁ-ները ոչ թե փակվում են, այլ հակառակը՝ բացվում, իր պնդումն ապացուցելու համար պարոն Խաչատրյանը ներկայացրեց վիճակագրությունը. «2015թ. նոյեմբերի 1-ի դրությամբ հարկային մարմնում հաշվառված ՓՄՁ-ների կողմից շրջանառության հարկ վճարողների թիվը կազմել է 67830, մինչդեռ 2014թ.-ին՝ 58163 սուբյեկտներ, այսինքն՝ մենք ունենք 16.6 տոկոսի աճ»:
Թե ինչու է աճ արձանագրվում, նախարարը գտնում է, որ պայմանավորված է գործադիրի աշխատանքներով. «Կառավարությունը, հաշվի առնելով երկրում ստեղծված անբարենպաստ տնտեսական վիճակը, գնաց աննախադեպ քայլի, շուրջ երկու անգամ բարձրացնելով հարկի շեմը, որ ՓՄՁ սուբյեկտները հնարավորություն ունենան մոտակա տարիներին գործել առավել բարենպաստ պայմաններում, շեմի բարձրացումով ունեցանք դաշտում աշխատող ձեռնարկությունների աճ, սակայն կա նաև մտահոգություն, որովհետև նման փորձ չեք գտնի աշխարհում»:
Այդուհանդերձ, պարոն Խաչատրյանը նշեց, որ որոշ ձեռնարկություններ էլ փակվում են, սա, ըստ նրա, պայմանավորված չէ հարկային և օրենսդրական գործոններով, այլ պատճառները պետք է փնտրել կարգավորումների դաշտում, ոչ հաշվենկատ գործունեությամբ, ինչպես նաև հաշվի առնել մրցակցության մեջ չդիմանալու հանգամանքը և այլն:
Բացի այդ, նախարարը նաև հատուկ շեշտադրում կատարեց ծառայողական մեքենաների ավելացման հարցին: Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից հնչել է Դանիայի օրինակը, այս երկրի հետ համեմատությունն ընդհանրապես տեղին չէ. «Ուզում եմ լրացնել «պադավատաշինության» ասեմ, պադավատամոլության գաղափարը, փորձ է արվում զուգահեռներ անցկացնել մի երկրի հետ, որը ինչպես ծառայողական ավտոմեքենաների քանակի կրճատմամբ, այնպես էլ ավտոմեքենաների շահագործումը չխրախուսելու քաղաքականությամբ ձգտում է ամբողջ Եվրոպային ցույց դնել և ապացուցել, որ նման կերպ կարելի է պայքարել բնապահպանական խնդիրների դեմ, ցույց տալով, որ այն աշխարհի առաջին պետությունն է, որ հոգ է տանում բնապահպանության համար»:
Համակողմանի ներկայացնելով խնդիրը՝ նա նշեց. «Դանիայում եկամտահարկից նվազեցվում են բոլոր պետական ծառայողների մինչև 24 կմ հեռավորությունից աշխատանքի վայր հասնելու և վերադառնալու հետ կապված ծախսերը, մյուս դեպքերում կիրառվում են փոխհատուցման քայլեր: Հաշվի չի առնվում, որ այդ երկրում պետական ծառայողների սոցիալական երաշխիքների, առողջական ապահովագրության համար բազմաթիվ գումարներ է ծախսվում»:
Անցնելով հարևան երկրներ` նախարարը ներկայացրեց Վրաստանում ծառայողական ավտոմեքենաների պատկերը. «Վրաստանում երկու տարվա ընթացքում մեքենանների ձեռքբերման համար ծախսվել է շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ ունեն ինչպես նախարարները, այնպես էլ վարչության պետերը: Վրաստանում ծառայողական ավտոմեքենաների օգտագործման վրա անհամեմատ ավելի մեծ գումար է ծախսվում, քան մեր երկրում»:
Այդուհանդերձ նա շեշտեց, որ կառավարությունն ընդունում է՝ պետք է անօգուտ ծախսերը կրճատել. «Խոսքը գնում է ոչ միայն «պադավատների» մասին, այլ այն ծախսերը, որ քիչ էֆեկտիվ են: Մենք քայլեր ենք կատարում, նախարարության օրինակը բերեմ՝ 44 մեքենա ենք կրճատել, ևս 14-ն ենք կրճատելու»: