ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է ավելացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն սպասարկելու համար այդ ծառայությանը հատկացվող ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը:
Արփինե Հովաննիսյանը հիմնավորեց, որ 2014 թվականին Ծառայությունում հարուցված կատարողական վարույթները 2005 թվականի համեմատ ավելացել են գրեթե 6 անգամ: Կատարողական վարույթների քանակական աճը հանգեցնում է կատարողական գործողությունների աճին: Կատարողական վարույթների քանակական աճին զուգահեռ ավելանում են կատարողական գործողությունները, մասնավորապես՝ վարույթի շրջանակներում պարտապանի տնտեսություն այցելությունները, գույքագրման աշխատանքները, պարտապանին պատկանող գույքի առգրավումն ու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ գործառույթներ:
Ըստ նախագծի՝ ներկայումս ծառայության ոչ բոլոր բաժիններին է հատկացված ծառայողական մեքենաներ: Ծառայողական ավտոմեքենաների առկայության անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ բաժիններում հարուցված կատարողական վարույթներով հաճախ որոշակի գործողությունների անհապաղ իրականացման անհրաժեշտություն է առաջանում: Վերը նշված խնդիրները հիմնականում առաջանում են Ծառայության մարզային ստորաբաժանումներում:
Տիկին Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի ծառայության յուրաքանչյուր ստորաբաժանմանը հատկացնել առնվազն մեկ ծառայողական ավտոմեքենա: Այս հանգամանքը զգալիորեն կնպաստի կատարողական վարույթներով անհապաղ կատարում պահանջող գործողությունների ժամանակին կատարմանը:
Նախարարը շեշտեց, որ ֆինանսական միջոցները հատկացվելու են արտաբյուջեից:
Նախագիծը հաստատելուց հետո Հովիկ Աբրահամյանը զայրացած դիմեց նիստերի դահլիճում ներկա անձանցից ոմանց, նա ասաց. «Վերջում խնդրում եմ քիչ խոսեք,- այնուհետև տեսնելով, որ համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերվում, շեշտեց,- ոնց որ լավ չեք հասկանում, որ մի անգամ ասում եմ»:
Իրավաբան.net