Կառավարությունը կավելացնի ԴԱՀԿ-ին հատկացված ծառայողական մեքենաների թիվը

ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի թիվ 194-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հարցը: Նշված որոշմամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման կարգը:

Նոյեմբերի 19-ի նիստում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախագիծ է ներկայացնում, որով առաջարկում է Կառավարությանը փոփոխություն կատարել և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հատկացված 34 ծառայողական ավտոմեքենաների թիվը հասցնել 54-ի: Ըստ որոշման նախագծի՝

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» № 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված հավելված N 1-ի 54-րդ կետում «34» թիվը փոխարինել «54» թվով.
2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված հավելված N 2-ում՝
ա. 5.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

5.2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն 55 1 54

 բ. «Ընդամենը»  պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Ընդամենը 1695 647 1048

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»։

Արդարադատության նախարարությունը առաջարկվող փոփոխությունը հիմնավորում է նրանով, որ ՀՀ կառավարության N 194-Ն որոշման ընդունման ժամանակ և ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) հարուցված կատարողական վարույթների քանակական հարաբերակցությունը փոխվել է: Այսպես, 2014 թվականին Ծառայությունում հարուցված կատարողական վարույթները 2005 թվականի համեմատ ավելացել են գրեթե 6 անգամ: Կատարողական վարույթների քանակական աճը հանգեցնում է կատարողական գործողությունների աճին:

Նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի Ծառայության յուրաքանչյուր ստորաբաժանմանը հատկացնել առնվազն մեկ ծառայողական ավտոմեքենա: Այս հանգամանքը զգալիորեն կնպաստի կատարողական վարույթներով անհապաղ կատարում պահանջող գործողությունների ժամանակին կատարմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել