Բացահայտվել է քննիչների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կեղծիք կատարելու դեպքեր. ՀՔԾ

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված` պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են նախկինում հիշյալ գործով վարույթն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքեր: Հայտնում են ՀՔԾ-ից:

Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչները, շուրջ երկու տարի, քրեական գործով նախաքննության կատարման ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, քննչական գործողությունները և դատախազի ցուցումները ժամանակին և պատշաճ կարգով չեն կատարել և արհեստականորեն ձգձգել են նախաքննությունը, իսկ նրանցից մեկը Ազատան համայնքի ավագանու նիստերի արձանագրությունների գրանցամատյանը զննելիս դրանում առկա ու տեսանելի ջնջումները և ավագանու անդամի՝ նիստերին մասնակցելու վերաբերյալ գրառումները արձանագրության մեջ խեղաթյուրված է ներկայացրել:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քաղաքացի Կարապետ Ա.-ն հայտնել է, որ Վարդան Ի.-ն, 2008 թվականից աշխատելով Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի պաշտոնում, չարաշահելով իր լիազորությունները, 2009 թվականից մինչ օրս դրամական օգնություններ է հատկացրել համայնքի այն բնակիչներին, ովքեր փաստացի բացակայել են համայնքից, ինչպես նաև թույլ է տվել բազմաթիվ այլ չարաշահումներ, որով էական վնաս է պատճառվել համայնքի շահերին:

Քաղաքացի Կարապետ Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի բաժանմունքում դեռևս 2013 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և շուրջ երկու տարի կատարվել նախաքննություն: Այնուհետև տևական ժամանակ քննված հիշյալ քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչի որոշմամբ կարճվել է, սակայն դատախազը վերացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու վերաբերյալ վերջինիս կայացրած որոշումը և ուղարկել լրացուցիչ նախաքննության:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել