«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով փոփոխություններ են կատարվել ՀՀ Աշխատանքային օրենսգրքում, այդ փոփոխություններն են`
- ամբողջական ձևակերպմամբ սահմանվել է «հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը,
- հստակեցվել և ամբողջականացվել է աշխատանքային պայմանագրի բովանդակությունը. փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը և դրա տևողությունը ևս պետք է ամրագրվեն աշխատանքային պայմանագրում,
- սահմանվել է կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը,
- փոխվել և լրացվել են աշխատողի տարիքային կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման կամ այդ հարաբերությունները` որոշակի ժամկետով շարունակելու հիմքերը,
- համապարփակ կարգավորվել են աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանների փոփոխման հետ կապված հարաբերությունները,
- ամբողջականացվել է աշխատողի հետ վերջնահաշվարկի կատարման կարգը,
- սահմանվել է ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման առանձնահատկությունը,
- սահմանվել է աշխատանքային տարի հասկացությունը,
- առավել հստակեցվել են գործատուի կողմից կարգապահական տույժ կիրառելու հետ կապված կարգավորումները,
- կիրառական տեսանկյունից առավել պարզեցվել է միջին ժամային աշխատավարձի հաշվարկման կարգը,
- միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան` ամբողջական կարգավորման են ենթարկվել մինչև տասնչորս տարեկան երեխաների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունները,
- վերացվել է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկ կիրառելու հնարավորությունը,
- հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողների համար սահմանվել է պարտադիր բժշկական զննության պահանջ` իրենց համաձայնությամբ գիշերային աշխատանքի ներգրավելու դեպքում,
- աշխատավարձ վճարելիս հաշվարկային թերթիկ ներկայացնելու` գործատուի պարտավորությունը սահմանվել է միայն աշխատողի պահանջով,
- կատարվել են նաև խմբագրական և հստակեցման բնույթի, տարընթերցումները բացառող այլ փոփոխություններ:
Դիտեք նաև այս թեմայով տեսանյութն` այստեղ: