Նյու Յորքի երդվյալների դատարանը արդարացրել է Վինսենթ Ասարոյին, ով, ըստ մեղադրող դատախազի պնդման, եղել է մաֆիայի Բոնաննո կլանի պարագլուխներից մեկը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, 80-ամյա տղամարդուն կասկածում են մի շարք հանցագործությունների, այդ թվում ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն գողություններից մեկի կատարման մեջ:
1978թ-ի դեկտեմբերին անհայտ անձիք Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանի անգարներից մեկից «Լյուֆթհանզա» ավիաընկերությանը պատկանող 5 միլիոն դոլար կանխիկ գումար գողացան։ Հաշվի առնելով գնաճը և դոլարի փոխարժեքի փոփոխությունները, այսօր այդ գումարը կգերազանցներ 20 միլիոն դոլարը։ Իրավապահ մարմինները այդպես էլ չկարողացան գողոնը վերադարձնել։ Այս հանցագործությունը հիմք է հանդիսացել մի քանի ֆիլմերում նմանատիպ գողությունների դրվագների նկարահանման համար, այդ թվում նաև ռեժիսոր Մարտին Սքորսեզեի «Փառահեղ տղաները» դրամայում։
Ասարոյին ձերբակալել էին անցյալ տարվա դեկտեմբերին։ Տղամարդու փաստաբաններին հաջողվել է համոզել Երդվյալների դատարանին, որ նա անմեղ է։