Այն խաչմերուկը, որտեղ բացակայում է լուսացույցը կամ կարգավորողը, չի աշխատում լուսացույցը, կամ միացված է լուսացույցի դեղին թարթող ազդանշանը, համարվում է չկարգավորվող: Ըստ ՀՀ ճանապարհային երթեվեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին կառավարության N 955-Ն որոշման՝
- Երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից:
- Եթե գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը, ապա դրանով ընթացող վարորդներն իրենց գործողություններում միմյանց նկատմամբ ղեկավարվում են հավասարազոր ճանապարհների խաչմերուկի անցման կանոններով: Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն երկրորդական ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները:
- Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին: Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները: Այդպիսի խաչմերուկում տրամվայը, անկախ շարժման ուղղությունից, առավելություն ունի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:
- Ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հավասարազոր ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին:
- Չկարգավորվող խաչմերուկներում տրամվայը, անկախ շարժման ուղղությունից, առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ ընթացող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:
- Երբ վարորդը չի կարող որոշել ճանապարհի ծածկույթի առկայությունը (օրվա մութ ժամանակ, ցեխ, ձյուն և այլն), և բացակայում են առավելության նշանները, ապա նա պետք է համարի, որ գտնվում է երկրորդական ճանապարհի վրա: