«Լավ է, նախագահականի զանգին պատասխանել ես». Վարչապետի նկատողությունը նախարարներին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտահոգված է` կառավարությունում վերսկսվում է բացասական ավանդույթը` նախարարները նախագծերը ներկայացնելուց հետո խնդրում են մեկ կամ երկու օր ժամանակ տրամադրել` որոշ հարցեր լուծելու համար, ընդ որում` այսօր կառավարության նիստին նախարարները այս խնդրանքով դիմում էին վարչապետին` նշելով, թե նախագահականի հետ համաձայնեցնելու կետեր կան:

Վարչապետին այս խնդիրն անհանգստացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանի ներկայացրած նախագծից հետո, որոշումը` Էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրական էներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին էր: Ներկայացնելով նախագիծը` պարոն Շահվերդյանը նշեց, որ երեկ ինքը ստացել է զանգ ՀՀ նախագահականից, որտեղից իրեն խնդրել են նախագիծը համաձայնեցնել, նոր ընդունել, ուստի պարոն Շահվերդյանը խնդրեց մեկ կամ երկու օր ժամանակ տրամադրել: Վարչապետը հաստատեց նախագիծը տալով ժամանակ, այնուհետև կատակեց. «Լավ է` նախագահականի զանգին պատասխանել ես»:

Այնուհետև նախագիծ ներկայացրեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` կրկին ժամանակ խնդրելով, այս անգամ վարչապետը կատակելու տրամադրություն չուներ, նա ասաց. ««Մեկ օր» ժամանակի ավանդույթը մի պահ վերացրել էնք, հիմա էլ սկսում ենք, կարծում ենք պետք է վերանայենք այս հարցը, նույնիսկ եթե տեխնիկական է խնդիրը, մեկ օր կամ երկու օր ժամանակ են խնդրում»:

Այս նկատողությունից հետո նախարարները առավել զգոն էին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր նախագիծը ներկայացնելուց հետո դժվարությամբ ասաց. «Բայց պարոն վարչապետ, ես էլ պետք է մեկ օր ժամանակ խնդրեմ», «Չխոսեմ, չէ՞, երևի»,- ժպտալով ասաց Հովիկ Աբրահամյանը, իսկ նախարարներից մեկն էլ ավելի հեռու գնաց` խնդրեց կես օր ժամանակ, սակայն վարչապետը տվեց մեկ օր:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել