Քաղաքացիները հնարավորություն կունենան տարբեր մարմինների կողմից իրենց առաքվող ծանուցումները ստանալ նաև էլեկտրոնային եղանակով

«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4.1 կետը սահմանում է, որ նույնականացման քարտի հետ մեկտեղ էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նպատակահարմար է սահմանել պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերը և կարգը:

Ըստ գործադիրի նախագծի` պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրումը և դրա հետ կապված հարաբերությունների մանրամասն իրավական կարգավորումը պայմանավորված է պետության հետ էլեկտրոնային եղանակով պաշտոնական շփման միջավայր տրամադրելու անհրաժեշտությամբ:

Տվյալ կարգի ընդունմամբ համապատասխան անձինք կարող են պետության կողմից ստանալ անվճար էլեկտրոնային փոստ, որը համարվում է վերջիններիս և պետության միջեւ հաղորդակցության պաշտոնական միջոց:

Ակտիվացնելով էլեկտրոնային փոստը՝ իրավասու անձինք հնարավորություն կստանան պետական տարբեր մարմինների կողմից իրենց առաքվող ծանուցումները ստանալ նաեւ էլեկտրոնային եղանակով:

Բոլոր գրանցված օգտատերերը կարող են իրենց ծանուցումները վերահասցեագրել անձնական էլեկտրոնային փոստին կամ դրանք ստանալ հաղորդագրության տեսքով իրենց բջջային հեռախոսին՝ նախապես մուտքագրելով այն հեռախոսահամարը,որով ցանկանում են ստանալ հաղորդագրությունները:

Ըստ նախարարի` Որոշման ընդունման դեպքում կկարգավորվի պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման և պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերի և կարգի հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ կսահմանվի պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման ընթացակարգը և դրա հետ կապված այլ հարաբերությունները:

Ներկայացնելով նախագիծը Արփինե Հովհաննիսյանը խմդրեց երկու օր ժամանակ տրամադրել` նախագահականի հետ համաձայնեցնելու համար: Կառավարությունը հաստատեց այս նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել