Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը, 2015թ. նոյեմբերի 7-9 Թբիլիսի քաղաքում, մասնակցել է Վրաստանի փաստաբանների միության 10-ամյակին նվիրված միջոցառմանը:
Նշված միջոցառմանը մասնակցում էին Բելառուսի փաստաբանների միության նախագահ Վիկտոր Չայչիցը, Ուկրաինայի փաստաբանների պալատի նախագահ Լիդիա Իզովիտովան, ինչպես նաև Եվրոպայի փաստաբանական համայնքների միության (CCBE) նախագահ Մարիա Սլազակը:
Փաստաբանական համայնքների նախագահների համատեղ քննարկման արդյունքում, կողմերն ընդունել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջարկը, պետությունների փաստաբանական համայնքների միջև համատեղ համագործակցող փաստաբանների ցուցակ (տեղեկատվական ռեեստր) ստեղծելու կապակցությամբ:
Որպես օրինակ, ներկայացվել է Վրաստանի փաստաբանների միության հետ առկա փորձը, երբ վրացի փաստաբանին Հայաստանի Հանրապետությունում ՀՀ փաստաբանների պալատը օժանդակել է ՀՀ փաստաբանի մասնակցությամբ և մամուլի ասուլիս կազմակերպելու միջոցով, նույնը նաև հայ փաստաբանին Վրաստանի փաստաբանների միությունը օժանդակել է ՎՀ փաստաբանի մասնակցությամբ:
Այս համագործակցությունը ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու նպատակով, ըստ առաջարկի, ՀՀ փաստաբանները՝ Վրաստանի փաստաբանների խնդրանքի հիման վրա Հայաստանում նրանց (նրանց վստահորդներին) իրավաբանական օգնություն տրամադրելու ցանկության դեպքում, ներկայացնում են իրենց տվյալները (այդ թվում՝ մասնագիտացումը), ինչը ներառվում է համապատասխան տեղեկատվական ցուցակում: Այդ ցուցակը հրապարակվելու է Վրաստանի Հանրապետության փաստաբանների միության պաշտոնական կայքում և վրացի փաստաբանները հնարավորություն են ունենալու ուղիղ կապ հաստատել հայ փաստաբանների հետ, ովքեր մասնագիտացած են համապատասխան ուղվածությամբ: Նույնը կատարվելու է նաև Հայաստանի փաստաբանների համար: Հայաստանի փաստաբանների պալատի կայքէջում հրապարակվելու է վրացի փաստաբանների ցուցակը և Վրաստանում իրավաբանական օգնության անհրաժեշտության դեպքում, հայ փաստաբանները կարող են ուղիղ կապ հաստատել վրացի գործընկերների հետ:
Առաջիկայում նախատեսվում է ստեղծել տեղեկատվական ցուցակներ Հայաստանի և Վրաստանի փաստաբանական համայնքների համար, ինչպես նաև Հայաստանի և Բելառուսի փաստաբանական համայնքների համար: Այս մասին հաղորդում են ՓՊ լրատվության ծառայությունից: