Զինծառայողը դիրքերում կրակել է ինքն իր վրա` ձևացնելով, թե դիվերսիա էր. մանրամասներ դատական գործից

Ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Համբարձում Պետրոսյանը 2013թ. փետրվարի 18-ին ընդգրկված լինելով մարտական հերթապահության համապատասխան դիրքում որպես դիտորդ, ժամը 01.45-ի սահմաններում հակառակորդի հետ շփման առաջնագծում, անդամախեղման է դիմել` նպատակը ծառայությունից խուսափելն էր:

Ըստ առաջին ատյանի դատավճռի նա դուրս է եկել խրամատից, բարձրացել և հայտնվելով հակառակորդի կողմից տեսանելի հատվածում, դեպի ՊԲ պաշտպանական դիրքեր բերող հսկվող հարթված հողային հատվածում դիտավորությամբ թողել է բազմաթիվ ոտնահետքեր և ծնկահետքեր ձևացնելով հակառակորդի հետախուզական, դիվերսիոն խմբի ներթափանցում տվյալ դիրք:

Դրանից հետո, իր հետագա հանցավոր արարքը քողարկելու և հակառակորդի կողմից հարձակում բեմականացնելու նպատակով, դիրքի զինծառայողների շրջանում առաջացրել է տագնապ` հայտնելով, իբր դիտակետում լսվում են մարդու քայլերի ձայներ: Այնուհետև լիցքավորել է ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, փողն ուղղել ձախ բազկին` հարմարեցնելով այնպես, որ կրակոցի արդյունքում չվանսվեն կմախքի ոսկորները, գոռացել, ապա, երկու կրակոցից բաղկացած կրակահերթ է արձակել, ինքն իր ձախ բազկի միջին երրորդականին պատճառելով միջանցիկ վիրավորումների ձևով առողջության միջին վնաս, դարձյալ բեմականացնելով, իբրև հրազենային գնդակից վնասվածքները ստացել է հակառակորդի կողմից արձակված կրակոցներից:

Շարունակելով իր գործողությունները, կատարած արարքի համար պատասխանատվությունից խուսափելու, հանցանքը թաքցնելու և փաստական հանգամանքները քողակրելու նպատակով, վատնելով ծառայության պարտականությունները կատարելու համար իրեն տրամադրված փամփուշտները` ռազմամթերքը, ինքնաձիգով անկանոն կրակահերթ է արձակել երևակայելի հակառակորդի ուղղությամբ:

Արձակված կրակոցներից, հակառակորդը թիվ 133 մարտական դիրքի ուղղությամբ արձակել է կրակոցներ, սա դատարանի բնորոշմամբ` պետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու վնաս է:

Առաջադրված մեղադրանքում դատաքննության ընթացքում ամբաստանյալ Համբարձում Մնացականի Պետրոսյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա ասել է, որ երբ գտնվել են դիրքերում, իր և ծառայակցի միջև վիճաբանություն է առաջացել, որն էլ իր հասցեին կոպիտ արտահայտություններ է արել: Երեկոյան ժամը 24.00-ին ինքն ու Մերուժանը բարձրացել են դիրքեր` մարտական հերթապահության: Ինքն ասել է, որ ձայներ է լսել: Դրանից մոտ 45 րոպե անց, ինքը բարձրացել է խրամաբջջի մոտ ու իրեն ամրակցված ինքնաձիգի փողն ուղղել դեպի ձախ բազկին ու արձակել կրակոց, որից հետո գոռացել է, թե իբր հակառակորդի կողմից է եղել կրակոցը: Իրեն տարել են հոսպիտալ, որտեղ մոտ 20 օր բուժվելուց հետո իրեն ձերբակալել են ու տարել մեկուսարան: Ըստ զինծառայողի` նա  ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակ չի ունեցել, այլ ցանկացել է, որ իրեն տեղափոխեն այլ զորամաս, քանի որ այդտեղ կնոջ հասցեին զինծառայակիցներն ավելորդ խոսակցություններ էին անում, ցանկանում էր խուսափել այդ խոսակցություններից:

Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքում և դատապարտել ազատազրկման 4 տարի և 6 ամիս ժամկետով, վերաքննչը, քննելով ամբաստանյալի պաշտպանի բողոքն, այն մասնակիորեն բավարարել է` վերջնական պատիժ նշանակելով 3 ամիս և 6 ամիս ժամկետով:

Պաշտպանը և մեղադրող դատախազը վճռաբեկ բողոքներ են բերել, բայց դատարանը մերժել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել