Երկօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է Արդարադատության նախարարության խորհրդարանական պետքարտուղարի տեղակալ, բանտերի, պրոբացիայի և վերականգնողական արդարադատության նախարար Անդրյու Սելուսի հետ: Հայտնում են նախարարությունից:
Արփինե Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման հիմնահարցերը և այն քայլերը, որոնք կատարվել են՝ պիլոտային ծրագրեր, թրեյնինգներ, կամավորներ և այլն: Նախարարը նշել է, որ առաջիկայում կներկայացվի «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը հնարավորություն կտա լիարժեք ներդնել այդ համակարգը: Արփինե Հովհաննիսյանը նշել է նաև էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի անհրաժեշտության մասին և կարևորել այդ բնագավառում Միացյալ Թագավորության հարուստ փորձը:
Անդրյու Սելուսը ներկայացրել է ՄԹ-ում պրոբացիոն ծառայության ներդրման ընթացքը, ինչպես նաև այն բարեփոխումները, որոնք նրանք պատրաստվում են առաջիկայում իրականացնել, մասնավորապես՝ ուղղված էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի կատարելագործմանը:
Նա նաև հայտնել է իր պատրաստակամությունն օրենսդրական փորձաքննության, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցության խորացման համար:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գտնվում է Լոնդոնում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կազմակերպած «Պրոբացիոն համակարգի ներդրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Հայաստանյան պատվիրակության կազմում են նաև Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, Դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը, ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման պետ Լևոն Ավետիսյանը, այլք: