Ի՞նչ նպատակներով է Հայաստանի Հանրապետությունում ներդրվել կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի համակարգը և ինչ առավելություններ ունի. այս հարցին արդրադարձել է ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը:
Այսպես, էլեկտրոնային տվյալներ պարունակող ինքնությունը հավաստող փաստաթղթերի և անձի նույնականացման առավել արդյունավետ համակարգի ներդրման մասին հստակ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է միմյանցից տարանջատել և պատկերացում կազմել 3 կատեգորիաների մասին.
1. Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրային համակարգ
2. Նույնականացման քարտերի համակարգ
3. Հանրային ծառայությունների համարանիշերի համակարգ
ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի համակարգի ներդրման վերաբերյալ:
Ահաբեկչության դեմ պայքարը տարիներ ի վեր դարձել է գերխնդիր միջազգային հանրության, կազմակերպությունների, զարգացած և զարգացող երկրների համար: Անձանց նույնականացման և պետությունում անցանկալի անձանց մուտքը վերահսկելի դարձնելու նպատակով շարունակաբար մշակվում և գործողության մեջ են դրվում ինչպես ներպետական, այնպես նաև միջազգային ջանքերի շնորհիվ կատարելագործվող մեխանիզմներ:
Վերը նշված հիմնախնդրի լուծմանն է ուղղված նաև Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 2001 թվականի 1373 բանաձևի ընդունումը, համաձայն որի ահաբեկչության դեմ միջազգային պայքարի շրջանակներում պետությունները պետք է ձեռնարկեն արդյունավետ միջոցներ անձը հաստատող փաստաթղթերի և արտասահմանյան անձնագրերի պատրաստման ներպետական մեխանիզմների նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունն ուժեղացնելու, անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:Նշված մեխանիզմն իր արդյունավետ կիրառման գործառնական նշանակությամբ և կենսաչափական տվյալներով ինքնությունը հաստատող փաստաթղթերի համակարգի ստեղծման ձևաչափով 2001 թվականից ի վեր արմատապես սկիզբ առավ և մեծ թափով զարգացում ապրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպական գրեթե բոլոր երկրներում:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 2011 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ հրապարակած տվյալների համաձայն Միավորված ազգերի կազմակերպության 193 անդամ երկրներից 93-ը անցում են կատարել կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգին և 21 պետություններ արդեն իսկ 12-48 ամսվա ընթացքում պատրասվում են անցում կատարելու նշված համակարգին:
2011 թվականի հուլիս ամսվա դրությամբ թողարկվել է մոտ 345.000 էլեկտրոնային անձնագրեր: Էլեկտրոնային անձնագրերի թողարկման և կիրառման տեսանկյունից առաջատար տեղ է զբաղեցնում ԱՄՆ-ը, այնուհետև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հոլանդիան, Իսպանիան, Իտալիան:
Հայաստանի Հանրապետությունը որպես միջազգային հարաբերության սուբյեկտ, ունենալով նաև ակտիվ սփյուռք, անմասն չմնաց վերը նշված մեխանիզմի ներդրման գործում:
Դեռևս 2008 թվականից սկիզբ առած օրենսդրական բազայի ստեղծմամբ զգալի աշխատանքներ տարվեցին համակարգի ներդրման և արդյունավետ կիրառման իրական հնարավորություն ստեղծելու համար: ՀՀ ոստիկանության կողմից մշակվեց և շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը փորձաքննություն է անցել Միգրացիայի միջազգային կազմակերպության փորձագետների կողմից:
Արդեն իսկ 2011 թվականի նոյեմբերի 30-ին ընդունված օրենքով նախատեսվեց 2012 թվականի հունիսի 1-ից անցում կատարել կենսաչափական տվյալներով ինքնությունը հաստատող փաստաթղթերի համակարգին: Օրենքով անձնագիրը նախատեսվում է որպես ՀՀ քաղաքացու ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը օգտագործվելու է նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար: Անձնագիրն ունի Եվրամիության չափանիշներին և քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության երաշխավորություններին համապատասխան պաշտպանական ապահովումներ` պարունակելով կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոց, որում ամրագրվում են օրենքով նախատեսվող տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում` քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, աջ և ձախ ցուցամատերի մատնադրոշմները:
Կենսաչափական տվյալներով անձնագրի ներդրմամբ`
1. նվազեցնում է անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հավանականությունը.
2. հնարավոր է դարձել առավել պարզ` ավտոմատացված եղանակով իրականացնել անձի նույնականացման գործընթացը.
3. մեծացնում է «անցանկալի» անձանց հայտնաբերման հնարավորությունը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի համաձայն քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից:
Մինչև 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:
Անձնագիրը ներառում է տեխնիկական մաս` տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվում են նաև աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները ստանալը ֆիզիոլոգիապես անհնարին լինելու դեպքում վերցվում են աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները: Եթե անձնագրում քաղաքացու կենսաչափական տվյալների ոչ լրիվությունը կամ ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունը պայմանավորված է քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին անձնագրում կատարվում է համապատասխան նշում:
Երեխաների մատնադրոշմները վերցվում են 6 տարեկանից:
Նույնականացման քարտերի համակարգի ներդրման վերաբերյալ:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի մշակմանը զուգահեռ շրջանառության մեջ դրվեց «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվեց 2011 թվականի նոյեմբերի 30-ին և գործողության մեջ դրվեց 2012 թվականի հունիսի 1-ից: Նույնականացման քարտը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար` որպես քաղաքացիական շրջանառության բոլոր բնագավառներում անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող հիմնական փաստաթուղթ:
ՀՀ կառավարության կողմից պետական կառավարման ոլորտում վարչարարական ընթացակարգերի պարզեցմանն ու կրճատմանն ուղղված քաղաքականության իրականացումը ենթադրում է հանրային ծառայությունների որակի բարձրացում, ինչն ուղղակիորեն պայմանավորված է անհատական տվյալների մշակման համակարգի ներդրմամբ և կիրառմամբ:
Ավտոմատացված համակարգերի շահագործումն արդյունավետ է, եթե տվյալների էլեկտրոնային բազաներում անձի նույնականացման գործընթացն իրականացվում է, այսպես կոչված, «նոր սերնդի» էլեկտրոնային փաստաթղթերով:Նույնականացման քարտը պարունակում է տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվում են օրենքով նախատեսված տվյալներ, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր: Նույնականացման քարտում, որպես ներքին շրջանառության փաստաթուղթ, հետագայում նախատեսվում է կուտակել (էլեկտրոնային պահոցում) անձին վերաբերող անհատական բազմաթիվ տվյալներ, որը հնարավորություն կընձեռի պետական և այլ իրավասու մարմինների հետ շփման դեպքում զերզ մնալ տեղեկանքներ կամ այլ տեսակի փաստաթղթեր ներկայացնելուց, որը
1. կբարելավի մատուցվող հանրային ծառայությունների որակը,
2. զգալիորեն կպարզեցնի անձի նույնականացման գործընթացը,
3. կբարձրացնի վարչարարության արդյունավետությունը,
4. կզսպի մի շարք կոռուպցիոգեն գործոնների զարգացումը, քանի որ նշված համակարգի ներդրումը զգալիորեն սահմանափակելու է վարչական մարմնի անմիջական շփումները քաղաքացիների հետ:
Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից: Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:
Աշխարհի շատ երկրներում ներդրվել է նույնականացման քարտերի համակարգը: Որոշ երկրներում այն տրամադրվում է կամավորության սկզբունքով, իսկ որոշ երկրներում կրում է պարտադիր բնույթ: Այն անձի ինքնությունը և քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ է: Հիմնական ընդհանրությունը կայանում է նրանում, որ գրեթե բոլոր երկրներում նույնականացման քարտի կիրառման հիմնական նպատակը էլեկտրոնային ստորագրությամբ անձի ինքնության հաստատումը և նույնականացումն է:
Օրինակ Էստոնիայում նույնականացման քարտը մեծ կիրառում ունի էլեկտրոնային քվեարկության, բանկային ծառայություններ մատուցելու, հասարակական տրանպորտից օգտվելու ոլորտում: