Որոշ անձինք, կազմակերպություններ, ոստիկանության բազմաթիվ պարզաբանումներից հետո էլ զանգվածային լրատվության միջոցներով շարունակվում են թյուրիմացության մեջ գցել հանրությանը՝ իրենց մեկնաբանություններում քվեարկությանը մասնակցող անձանց թվաքանակը համեմատելով վիճակագրական ցուցանիշների հետ: Որոշ դեպքերում էլ ՀՀ ոստիկանության կողմից բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց թվաքանակի հրապարակումը մեկնաբանում են որպես Հանրապետությունում առկա բնակչության թվաքանակի հրապարակումներ և կատարում սուբյեկտիվ, օրենքի պահանջներից չբխող վերլուծություններ:
Կարծիք է ստեղծվում, որ նույն հարցի կապակցությամբ հրապարակումներ տարածողները ՀՀ ոստիկանության պարզաբանումները կամ չեն ընթերցում կամ որոշ դեպքերում էլ անտեսելով դրանք, հակառակ փաստարկներ չբերելով, շարունակում սուբյեկտիվ դատողությունները:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս պարզաբանում է:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա:
ՀՀ ոստիկանությունը որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներրից, քանի որ օրենքով նման իրավասություն չունի:
Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս քաղաքացու տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:
Ընտրողների ռեգիստրի հիմքում վիճակագրական ցուցանիշները դնելը հակասում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Քանի դեռ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրողների ռեգիստրի հենքը բնակչության պետական ռեգիստրն է, այլ ձևաչափով կամ այլ ցուցանիշներով քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների ձևավորումը կհամարվի հակաիրավական:
Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության կողմից հրապարակված տվյալներին, մեկ անգամ ևս տեղեկացնում ենք՝
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 6-ի դրությամբ 2.554.332 է:
2) 2015 թ. նոյեմբերի 4-ի դրությամբ բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված (այլ ոչ Հայաստանի Հանրապետությունում բնակվող) անձանց թիվ կազմում է 3.317.965:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ