Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի նեղ մասնագետների խմբի մասնակցությամբ հերթական բժշկական կոնսիլիումն է հրավիրվել` Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների առողջական վիճակը գնահատելու և բուժման հետագա քայլերը քննարկելու նպատակով:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կազմում շարունակում է տեղում համակարգել տուժածների բուժօգնության աշխատանքները:
Նրա փոխանցմամբ` ռեանիմատոլոգները, կրծքային վիրաբույժները, նյարդաբանները և այլ նեղ մասնագետները կրկնակի կոնսիլիումի արդյունքում որոշում են կայացրել Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բուժում ստացող երկու հիվանդի վիրահատության նպատակով տեղափոխել Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ: Տուժածներից մեկի մոտ, որը տեղափոխվելու է Մոսկվա ուղղաթիռով, առկա են բազմաբեկորային կոտրվածքներ: Մյուսը կտեղափոխվի ռեանիմոբիլով, ունի ողնաշարի կոտրվածք:
Մեկ այլ տուժած հարազատների ցանկությամբ տեղափոխվել է Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոց:
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն ունի կյանքի հետ անհամատեղելի վնասվածներ, գտվում է Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բժիշկների մշտական հսկողության ներքո:
Մնացած ութ տուժածները բուժումը կշարունակեն Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում:
ՌԴ-ում բուժվող 12 տուժածի առողջական վիճակի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին:
Այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժում է ստանում վթարից տուժած 3 քաղաքացի: