Նոյեմբերի 5-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ հարևանի դստեր` Էմմայի խնդրանքով բացել է նրանց տան դուռը և մտնելով ներս` հայտնաբերել են վերջինիս մոր` 1924 թ. ծնված Սիրանուշ Կարապետյանին` մահացած, արյան հետքերով, կողքին` կոտրված շիշ բեկորներ կան, իսկ տունը խառնած վիճակում է: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 5-ին, ժամը 22.40-ին, Կամարակի 1-ին նրբանցքի տներից մեկի ննջասենյակի մահճակալին հայտնաբերվել է Ս. Կարապետյանի դիակը` գլխի շրջանում ապակյա շշի հարվածի հետքով: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 4-ին, ժամը 22.30-ին Ս. Կարապետյանին սպանել է վերջինիս թոռը` 1987 թ. ծնված, նախկինում դատապարտված Արման Կ.-ն: Արման Կ.-ն ձերբակալված է: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: