ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 թվականին Գոհարիկ Սադոյանը «Համադասարանցիներ» սոցիալական կայքում ծանոթացել և տևական ժամանակ նամակակցել է տարբեր անձանց հետ, իսկ հետագայում ոմանց հետ շփումներ է ունեցել նաև հեռախոսով, որի մասին տեղեկացել է ամուսինը՝ Արթուր Աբրոյանը, և ընտանիքում անախորժություն է առաջացել:
Շուրջ մեկ ամիս անց Ա. Աբրոյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ դրանից մի քանի ամիս առաջ հիշյալ վարչական շրջանի տարածքում կատարված բջջային հեռախոսների գողության դեպքի կապակցությամբ բացատրություն տալու համար: Ի թիվս մյուս հարցերի, բացատրություն վերցնելու ժամանակ շոշափվել են նաև Ա. Աբրոյանի ընտանեկան հարաբերությունները, մասնավորապես՝ կնոջ հետ լարված փոխհարաբերություններ ունենալու հանգամանքները: Ա. Աբրոյանը, կասկածելով ոստիկանի տեղեկացվածությունից, կնոջը հարցուփորձ է արել, սակայն պատասխան չստանալով՝ մեղադրել է նրան ոստիկանների հետ սիրային կապ ունենալու մեջ:
Հետագայում նույնաբովանդակ խոսակցությունները պարբերաբար շարունակվել են, որի ազդեցության տակ Գ. Սադոյանի մոտ նախ՝ կասկած, ապա՝ նաև համոզմունք է առաջացել, որ համացանցում իր հետ շփված տղամարդկանցից մեկը եղել է ամուսնու հետ ոստիկանությունում զրուցած անձը՝ Արթուր Մկրտչյանը, ով վատություն անելու նպատակով ամուսնու մոտ կասկածներ է արթնացրել՝ իր ընտանիքում անախորժություն առաջացնելու համար:
Ամուսնու կողմից կասկածները փարատելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողից վրեժխնդիր լինելու համար, Գ. Սադոյանը դիմել է իրավապահներին և հայտնել, որ 2013թ. փետրվարին «Համադասարանցիներ» կայքի միջոցով ծանոթացել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայող Արթուր Մկրտչյանի հետ, ով դրանից հետո տևական ժամանակ, իբր, հետապնդել է իրեն, իսկ 2013թ. նոյեմբերի կեսերին, իրեն առևանգել՝ տեղափոխել է անմարդաբնակ վայր, որտեղ զենքի գործադրման սպառնալիքի տակ իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել, այնուհետև ստիպել է իրեն նույն բանը կատարել նաև իր տեղակալի հետ: Դրանից հետո՝ մեկ այլ օր, իբր, Ա. Մկրտչյանի հետ զրուցելու ընթացքում վերջինս պահանջել է թմրանյութեր դնել ամուսնու ավտոմեքենայում, որպեսզի նրան քրեական պատասխանատվության ենթարկի, ինքը հրաժարվել է, ինչի պատճառով Ա. Մկրտչյանի կողմից ծեծի է ենթարկվել:
Հիշյալ դիմումի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում Գ. Սադոյանը, հրավիրվելով ՀՀ հատուկ քննչական ծառայություն, նախազգուշացվելով սուտ մատնության համար նախատեսված պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, տվել է հանցագործության մասին իրականությանը չհամապատասխանող հաղորդում՝ կատարել է սուտ մատնություն՝ ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Մկրտչյանին և նրա տեղակալ Վահան Թադևոսյանին մեղադրելով ծանր հանցագործություններ կատարելու մեջ:
Նախաքննության ընթացքում իրականում չկատարված հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով՝ սուտ ցուցմունքներ է տվել նաև Գ. Սադոյանի մայրը՝ Զ. Սադոյանը:
Բացի այդ, 2014թ. սեպտեմբերի 19-ին Գ. Սադոյանը մասնակցել է «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստահաղորդմանը, որի ընթացքում հանրությանն է ներկայացրել ամբողջությամբ հորինված պատմությունը՝ դրանով իսկ կրկնակի բարոյական վնաս պատճառելով ոստիկանության ծառայողներին: Մասնավորապես՝ անհիմն մեղադրվելով ծանր հանցագործության կատարման մեջ ոստիկանության ծառայող Ա. Մկրտչյանը դարձել է գործազուրկ, Գ. Սադոյանի կողմից ամբողջությամբ հորինված պատմությունը հանրայնացնելու պայմաններում, քայքայվել է ընտանիքը:
Նշենք, որ Գ. Սադոյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով կատարվել է օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն, որի ընթացքում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել են բազում առերեսումներ ու քննչական մեծածավալ այլ գործողություններ, նշանակվել են մեծ թվով տարբեր տեսակի փորձաքննություններ և այլն:
Երկարատև նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով Գ. Սադոյանի հայտնած հանգամանքները լրիվ հերքվել են, հաստատվել է դրանց կեղծ լինելու փաստը, որից հետո, ապացույցների ճնշման տակ, Գոհարիկ Սադոյանն, ի վերջո, խոստովանել է նախկինում սուտ մատնություն կատարելու և իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալու հանգամանքը, հայտնել է, որ իրականում իր նկատմամբ երբեք և ոչ ոք ոտնձգություն չի կատարել:
Ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար Գոհարիկ Սադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: