61-ամյա Արեգնազան Կ-ն քրեական պատասխանտվության է ենթարկվել կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար: Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2002 թ-ին նրա ամուսինը չպարզված անձից ձեռք է բերել և նրան է տվել իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ այն մասին, որ 1971 թ-ին Արեգնազանը Երևանի թիվ 126 միջնակարգ դպրոցն ավարտել է:
Նախորդ տարի Արեգնազանը շահել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից կազմակերպվող ներգաղթային վիզայի ամենամյա վիճակախաղը: Իրականում չունենալով միջնակարգ կրթություն, նա այս տարվա ապրիլի 21-ին ակնհայտ կեղծ դպրոցն ավարտելու մասին հավաստող ատեստատը ներկայացրել է Հայաստանում գործող ԱՄՆ դեսպանատուն:
Արեգնազանին առաջադրված՝ ՀՀ քրեական օրենս•րքի 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքն ապացուցված է համարվել և որպես պատիժ նրա հանդեպ նշանակվել է տուգանք՝ 200 հազար դրամի չափով: Տուգանքը վճարելու համար սահմանել է 4 ամիս ժամկետ` յուրաքանչյուր ամսում 50.000 ՀՀ դրամ վճարելու պայմանով:
Դատավճիռը հրապարակվել է այս տարվա հոկտեմբերի 19-ին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: