Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցից հեծանիվի գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հաղորդում են ՔԿ-ից:
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 15-ի ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 16-ի ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում: Առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի աստիճանահարթակից հափշտակել է հեծանիվ՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործով ստացվել է տարածքում տեղակայված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ պատկերված է հանցագործության դրվագը:
Նշանակվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային համալիր փորձաքննություն:
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու տեսագրության մեջ պատկերված անձին։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: