Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Թիվ 17-րդ պոլիկլինիկայից առանձնապես խոշոր չափերի հասնող գումարի հափշտակության գործը:
Ամբաստանյալի աթոռին են հայտնվել «Թիվ 17-րդ պոլիկլինիկայի» 2 աշխատակիցներ և հաստատության տնօրենը: 37-ամյա Ասպրամ Եղիազարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, աշխատելով Երևանի քաղաքապետարանի «Թիվ 17-րդ պոլիկլինիկա» ՍՊՓԲ ընկերությունում որպես գլխավոր հաշվապահ, հափշտակել է 21.911.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, նույն պոլիկլինիկայի հաշվապահ-գանձապահ Սուսաննա Սարիբեկյանի հետ օժանդակել է ընկերության տնօրեն Գագիկ Սահակյանին` յուրացնելու 3.951.900 ՀՀ դրամ , որի հետևանքով ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Այսօրվա դատական նիստը դարձյալ հետաձգվեց: Արդեն հինգերորդ անգամն է, որ նիստը հետաձգվում է տարբեր պատճառաբանումներով: Ինչպես տեղեկացանք` այս անգամ դատական նիստի հետաձգումը կապված էր ամբաստանյալների հանրային պաշտպանների հետ. նրանք դատին չէին ներկայացել: Հիշեցնենք, որ նախորդ նիստին նույնպես հանրային պաշտպանենրը չէին ներկայացել:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լաուրա Մամյան