ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի հմ. 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, հրաման է ստորագրել՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության (բակալավրի կրթական աստիճանով և ինտեգրացված ծրագրով) մրցութային քննությունների արդյունքներով անցողիկ միավորը հաստատելու մասին: Հրամանով պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում 2-րդ և բարձր կուրսերում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը սահմանվում է՝
• բակալավրի կրթական աստիճանի և ինտեգրացված ծրագրի համար` 40 % /ՄՈԳ/,
• մագիստրոսի կրթական աստիճանի համար` 50 % /ՄՈԳ/:
Առաջին կուրսի ուսանողների համար՝
• բակալավրի կրթական աստիճանում և ինտեգրացված ծրագրով՝ 15 միավոր,
• մագիստրոսի կրթական աստիճանում` նախորդ ուսումնառության ընդհանուր միջին որակական գնահատականը՝ 41 % /ՄՈԳ/:
Նշենք, որ սահմանված ՄՈԳ-երի առկայության պայմաններում սոցիալական անապահովության սանդղակում ընդգրկված ուսանողները, ովքեր սահմանված ժամկետում ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր, պետության կողմից ենթակա են ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման՝ 50-100 տոկոսի չափով: Այս մասին հաղորդում են ԿԳՆ-ից: