Կրթությունը հասարակության տնտեսական, հոգևոր և սոցիալական առաջընթացի հիմնական միջոցն է: Միևնույն ժամանակ կրթությունը հանդիսանում է յուրաքանչյուր մարդու զարգացման, նրա դաստիարակության և բարեկեցության պայմանը: «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով` կրթություն ասելով հասկացվում է անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթացը, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու և նոր սերունդներին փոխանցելու համար: Այլ կերպ ասած, կրթության իրավունքը դա մարդու իրավունքն է` ստանալու որոշակի գիտելքներ, մշակութային դաստիարակություն և պրոֆեսիոնալ կողմնորոշում` ժամանակակից հասարակության բնականոն կենսագործունեության համար:
Կրթության բովանդակությունը հասարակության հոգևոր, տնտեսական և սոցիալական առաջընթացի հիմնական գործոններից մեկն է և նպատակաուղղված է երիտասարդ սերնդի դաստիարակմանը, պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորմանը, անձի համակողմանի և ներդաշնակ զարգացման, նրանց ինքնորոշման և ինքնադրսևորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանը, իրավական պետության ստեղծմանն ու կատարելագործմանը:
Սակայն արդյո՞ք այսօր մեր երկրում գործող կրթական համակարգը կարողանում է քաղաքացուն տալ մշակութային դաստիարակություն և պրոֆեսիոնալ կողմնորոշում, արդյո՞ք կրթական հաստատությունները նպաստում եմ քաղաքացու մոտ ինքնորոշման և ինքնադրսևորման ձևավորմանը: Ասվածը կասկածի տակ է դնում է մի եզակի երևույթ, որը տարիներ շարունակ գոյություն ունի մայրաքաղաք Երևանում և կշարունակի գոյություն ունենալ, եթե պետական պատկան մարմինները որևէ քայլեր չձեռնարկեն այն վերացնելու ուղղությամբ:
Խոսքը վերաբերում է Երևանի Շենգավիթի վարչական շրջանում գտնվող թիվ 5o դպրոցին և անմիջապես դպրոցի հարևանությամբ տարիներ շարունակ գործող մեկ հարկանի «հյուրանոց» երևույթին: Որքան էլ տարօրինակ է թվում մեզ համար, այն դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար «սովորական» երևույթի է վերածվել: Առավոտյան աշխատանքի կամ դասի գնալիս կարող ես ականտես լինել հյուրանոցի անցուդարձին, մասնավորապես, մեքենաների, տաքսիների մուտք ու ելքին և դրանց կասկածելի հաճախորդներին: Ընդ որում, «հյուրանոց» երևույթն իր արտաքին տեսքից արդեն կասկածի տակ է դնում իր նպատակային նշանակությունը և առաջին իսկ հայացքից հասկանալի է դառնում, որ դժվար թե մի օտարերկրացի իր հանգստյան օրերը մեր Երևանում անցկացնելիս կայանի այդ օբյեկտում (ասվածն ավելի պարզ է դառնում լուսանկարներից): Բացի այդ, դպրոցի բակի առջևի մայթն ամբողջությամբ զբաղեցնում է «հյուրանոցի» ավտոկայանատեղին, իսկ շինության կառուցման ընթացքում ամբողջությամբ փակվել է դեպի դպրոց եկող կարճ ճանապարհը:
Գտնում եմ անընդունելի է նման երևույթի առկայությունը մատաղ սերնդի դաստիարակությամբ և կրթությամբ զբաղվող հաստատության կողքին: Այո, դատապարտելի է անգամ նման վայրում այդպիսի օբյեկտի կառուցման համար թույտվություն տվող պետական մարմինների արարքը: Միթե՞ այնքան անտարբեր ենք դարձել ուսման, կրթության, անգամ երիտասարդ սերնդի դաստիարակության ու նրանց ապագայի նկատմամբ, որ կարող ենք արհամարել այդ արժեքները և անհետևողական քայլերի արդյունքում, ինչ-որ մարդկանց կասկածելի բիզներսը զարգացնելու նպատակով, վտանգել դեռահասների բարոյահոգեբանական ներաշխարհը, ապրումները և ինքնորոշման և ինքնադրսևորման ճիշտ ձևավորման գործընթացը:
Ինձ համար կասկածելի է, թե ինչու՞ են մինչ այսօր լռում դպրոցի վարչակազմը, ծնողական համայնքը, իսկ եթե եղել են բողոքներ, ապա ինչու՞ է պետությունը անգործություն ցուցաբերում…
Հ.Գ. – Անմիջապես դպրոցի հարևանությամբ է գտնվում (նախկինում՝ թիվ 5o դպրոցի երկրորդ մասնաշենքը) Հայաստանի շախմատի ակադեմիան, որտեղ բազմիցս հյուրընկալվել են ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ պարոն Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետը և պետական այլ պաշտոնյաներ: Անհասկանալի է, որ իրենց աչքից ևս «վրիպել» է այդ երևույթը:
Մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողին և լուսանկարները դիտողին: