ՀՀ ճանապարհային երթեվեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին կառավարության N 955-Ն որոշումը սահմանում է, որ վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի`
1) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.
2) կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում.
3) լապտերների լույսից վարորդի շլացման դեպքում.
4) քարշակման դեպքում (քարշակվող տրանսպորտային միջոցի վրա):
Վարորդը վթարային լուսային ազդանշանը պետք է միացնի նաև այն դեպքերում, երբ վտանգի մասին անհրաժեշտ է նախազգուշացնել երթևեկության մասնակիցներին: Վթարային լուսային ազդանշանը միացնելուց հետո (ինչպես նաև, երբ այն անսարք է կամ բացակայում է) անհապաղ պետք է տեղադրվի «Վթարային կանգառ» ճանաչման նշանը (թարթող կարմիր լապտերիկ)`
1) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.
2) կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում, ինչպես նաև այն տեղերում, որտեղ, ելնելով տեսանելիության պայմաններից, տրանսպորտային միջոցը չի կարող ժամանակին նկատվել այլ վարորդների կողմից: Այս պահանջը կատարելուց հետո վարորդը պետք է կատարի կանոնների 83-րդ կետի պահանջները:
Ելնելով վարորդներին ժամանակին զգուշացնելու անհրաժեշտությունից` «Վթարային կանգառ» նշանը (թարթող կարմիր լապտերիկ) տեղադրվում է բնակավայրերում` տրանսպորտային միջոցից ոչ պակաս 15 մ, իսկ բնակավայրերից դուրս` 30 մ հեռավորության վրա:
Վթարային լուսային ազդանշանի բացակայության կամ անսարքության դեպքում «Վթարային կանգառ» նշանը տեղադրվում է քարշակվող տրանսպորտային միջոցի հետևի մասում:
Արգելվում է առավելություն ստանալու նպատակով վթարային ազդանշանի օգտագործումը: