«Եթե Սահմանադրությունը կարճաժամկետ քաղաքական նպատակների է ծառայում, ապա այն արդյունքի չի հասնի». ՀՀ ԵՄ ղեկավար

Իրավունքի գերակայությունը չի կարող իրականություն դառնալ, եթե արդարադատության սկզբունքները իրական չեն: Կարծում է ԵԱՀԿ երանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: Այսօր «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» թեմայով խորհրդաժողովին նա մասնավորապես ասաց. «Իրավունքի գերակայությունը կախված է անկախ դատական համակարգի գործունեությունից, իշխանությունների տարանջատումներից և հավասարակշռումից, ինչպես նաև՝ ուժեղ ժողովրդավարական կառուցակարգերի և ազատ ԶԼՄ-ների գործունեությունից»:

Խոսելով Սահմանադրությունից՝ նա դիրքորոշում հայտնեց. «Ակնհայտորեն Սահմանադրությունը՝ որպես հիմնարար մոդել, ուղղակիորեն ներազդում է կոնկրետ երկրի իրավական ողջ համակարգի վրա, այդպիսով՝ Սահմանադրությունը շատ մեծ կարևորություն ունի երկրի զարգացման համար»:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը խոսեց ամերիկյան փորձից, նա մատնանշեց մի հանգամանք, որը, ըստ դեսպանի, գիտեն բոլոր ամերիկացիները. «Մեր համակարգը կատարյալ չէ, և մենք մշտապես աշխատում ենք, որ կարողանանք այն բարելավենք: Կարևոր է մեզ համար, որ մենք էլ սովորենք և վերցնենք այն դասերը, որը դուք եք քաղում այս գործընթացի արդյունքում»:

Պարոն Միլսը նաև ասաց. «ԱՄՆ-ի դիրքորոշումը հետևյալն է՝ ՀՀ Սահմանադրությունը փոխվելու է, թե՝ ոչ կամ էլ՝ ինչպե՞ս է փոխվելու, սա մի որոշում է, որ պետք է Հայաստանը կայացնի: ԱՄՆ-ն պաշտպանում է Հայաստանում ժողովրդավարական արժեքները»:

Իհարկե, շարքային ընտրողներին հնարավոր չէ երկու ամսվա ընթացքում սահմանադրականագետ դարձնել, կարծում է դեսպանը, սակայն նրանք պետք է գիտակցեն՝ ինչո՞ւ են գնում քվեարկության և ինչի՞ համար են «այո» կամ «ոչ» ասելու:

«Քննարկումները ժողովրդի հետ ու ժողովրդի շրջանում պարտադիր են և անհրաժեշտ, որպեսզի հետագա քայլերն ընթանան: Հանրաքվեի ժամանակ նրանք, ովքեր դեմ են նախագծին, պետք է հավասարապես հնարավորություն ունենան արտահայտելու իրենց կարծիքը»,- ասաց դեսպանը:

ՀՀ ԵՄ ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկինը նկատեց, որ դահլիճում հավաքված են մեծ թվով երիտասարդներ. «Ես կարծում եմ, որ սա լավ նշան է: Դրական է, որ երիտասարդ սերունդը շատ է մտածում երկրի մասին և ցանկանում է քննարկել Հայաստանի ապագա տարիների տեսլականը»,- ասաց նա:

Պարոն Սվիտալսկին միջազգային ակնարկ կատարեց, իսկ անդրադառնալով մեր երկրին ասաց, որ ԵՄ-ի հիմնական գործառույթն է օգնել Հայաստանին՝ ճիշտ որոշում կայացնելու համար, սակայն որոշում կայացնողը հայ հասարակությունն է. «Սահմանադրական բարեփոխումները տրամաբանական են, եթե դրանց հիմքում երկրի ապագայի հստակ ու բուն տեսլականն է: Եթե սահմանադրությունը կարճաժամկետ քաղաքական նպատակների է ծառայում, եթե քողարկված կարճաժամկետ օրակարգ կա փոփոխություններում, ապա այն արդյունքի չի հասնի, նույնիսկ եթե ընդունվի»,- շեշտեց պարոն Սվիտալսկինը:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել