2015թ. հոկտեմբերի 22-ին ուժի մեջ է մտել 2015թ. հունիսի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-96-Ն):
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ փոփոխությունները կատարվել են հետեւյալ հիմնական ուղղություններով.
- ամբողջական ձեւակերպմամբ սահմանվել է «հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը,
- հստակեցվել եւ ամբողջականացվել է աշխատանքային պայմանագրի բովանդակությունը. փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը եւ դրա տեւողությունը եւս պետք է ամրագրվեն աշխատանքային պայմանագրում,
- սահմանվել է կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը,
- փոխվել եւ լրացվել են աշխատողի տարիքային կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման կամ այդ հարաբերությունները` որոշակի ժամկետով շարունակելու հիմքերը,
- համապարփակ կարգավորվել են աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանների փոփոխման հետ կապված հարաբերությունները,
- ամբողջականացվել է աշխատողի հետ վերջնահաշվարկի կատարման կարգը,
- սահմանվել է ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման առանձնահատկությունը,
- սահմանվել է աշխատանքային տարի հասկացությունը,
- առավել հստակեցվել են գործատուի կողմից կարգապահական տույժ կիրառելու հետ կապված կարգավորումները,
- կիրառական տեսանկյունից առավել պարզեցվել է միջին ժամային աշխատավարձի հաշվարկման կարգը,
- միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան` ամբողջական կարգավորման են ենթարկվել մինչեւ տասնչորս տարեկան երեխաների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունները,
- վերացվել է մինչեւ 18 տարեկան աշխատողների նկատմամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկ կիրառելու հնարավորությունը,
- հղի կանանց եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողների համար սահմանվել է պարտադիր բժշկական զննության պահանջ` իրենց համաձայնությամբ գիշերային աշխատանքի ներգրավելու դեպքում,
- աշխատավարձ վճարելիս հաշվարկային թերթիկ ներկայացնելու` գործատուի պարտավորությունը սահմանվել է միայն աշխատողի պահանջով,
- կատարվել են նաեւ խմբագրական եւ հստակեցման բնույթի, տարընթերցումները բացառող այլ փոփոխություններ: