Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ՀՀ կառավարության նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող գյուտերի, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշմանը: Մասնավորապես, առաջարկվել է կրճատել իրավասու մարմնի կողմից տրվող գրավոր եզրակացության, արդյունաբերական սեփականության օբյեկտի գաղտնազերծման դեպքում այդ մասին իրավատիրոջը ծանուցելու ժամկետները, ինչպես նաև սահմանել Մտավոր սեփականության գործակալության կողմից պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների առկայության ստուգման ժամկետ՝ հայտը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
Մեկ այլ առաջարկով ուժը կորցրած է ճանաչվել բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը, քանի որ Լիցենզավորման մասին օրենքով բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզիա չի նախատեսվում: