Ինչու՞ Սահմանադրությունում արտացոլված չէ աշխատանքի իրավունքը. փաստաբան

Գործող Սահմանադրության 32-րդ հոդվածը ամրագրում է յուրաքանչյուր անձի աշխատանքի ընտրության ազատությունը: Համանման դրույթ նախատեսված է նաև Սահմանադրության փոփոխությունների նախագծի 57-րդ հոդվածում: Սակայն մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի կողմից վավերացված համապատասխան միջազգային-իրավական փաստաթղթերում հստակ ամրագրված է մարդու աշխատանքի իրավունքը, իսկ աշխատանքի ընտրության ազատությունը նրա տարրն է հանդիսանում. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարատ Ատովմյանը:

Այն հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում ևգործող Սահմանադրությունում, և  նախագծում արտացորլված չեն մարդու աշխատանքի իրավունքը, փաստաբանը նշում է. «Որքան ինձ հայտնի է, այդ փաստաթղթերի հեղինակների կարծիքով անիմաստ է սահմանադրորեն նորմ նախատեսել, որը պետության վրա անիրատեսական պարտավորություն կդնի, այն է՝ Հայաստանում համատարած զբաղվածություն ապահովել»:

Փաստաբանը նշում է, որ նման «տխուր փորձ» եղել է ԽՍՀՄ-ում, սակայն այն հիմնավորված է եղել զուտ գաղափարական տեսակետից, որ սոցիալիզմի ժամանակ գործազրկություն չկա, բայց տնտեսական առումով այն հաջողված չի կարող համարվել: Այստեղ հարց է առաջանում, թե մի՞թե շուկայական տնտեսություն ունեցող կապիտալիստական պետությունները, մշակելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Եվրոպական սոցիալական խարտիան, Մարդու տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և այլ միջազգային իրավական փաստաթղթեր,  կհամաձայնեին իրենց վրա վերցնել բոլորին աշխատանքով ապահովելու պարտականություն:

«Իհարկե, ոչ: Օրինակ, եթե հարցը դիտարկենք Եվրոպական սոցիալական խարտիայի տեսանկյունից ապա կարող ենք եզրահանգել, որ պետությունը ընդամենը հանձն է առնում վարել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը հնարավորինս կնպաստի ազգաբնակչության զբաղվածության ապահովմանը, միջոցներ կձեռնարկի աշխատանքի և զբաղվածության ոլորտում խտրականության վերացման ուղղությամբ և կպաշտպանի աշխատողների իրավունքները: Սա այլ մոտեցում է»,- ասաց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել