Փաստաբան Հայկ Ալումյանը կոչ է արել իր գործընկերներին պղտոր ջրում չփորձել ձուկ որսալ

Փաստաբան Հայկ Ալումյանը կոչով դիմել է իր գործընկերներին` Փաստաբանների պալատում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Իրավաբան.net-ը ստորև ներկայացնում է Հայկ Ալումյանի կոչն ամբողջությամբ.

«Հարգելի փաստաբաններ: Այս պահին, երբ մեր շարքերում բևեռացում է գնում, ես ուզում եմ կոչ անել բոլորիդ` դրսևորեն առավելագույն զսպվածություն:

Այն փաստաբանները (այդ թվում նաև` իմ լավ ընկերներ), ովքեր վարկածներ են շրջանառության մեջ դրել, թե իբր` իրենց բոլոր պրոբլեմներում մեղավոր է Փաստաբանների պալատի ղեկավարությունը` պարզապես ճիշտ չեն գնահատում փաստերը: Ձեր ծայրահեղական հայտարարությունները, թե իբր` Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կազմակերպված է Պալատի ղեկավարության կողմից, կամ որ` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ձեր բացասական դիրքորոշման պատճառով ձեզ հետապնդում են ու մի շարք նմանօրինակ եզրահանգումները` թողեք մի կողմ: Եթե դուք իրոք այդպես եք կարծում` ուրեմն վստահաբար ասում եմ` սխալվում եք: Եթե այդպես չեք կարծում, բայց ցանկանում եք այդ թեմաների վրա «խաղալ», այդ դեպքում ես խորապես հիասթափված կզգամ ինձ, քանի որ այդպիսինը չեմ պատկերացրել ձեզ:

Իսկ այն փաստաբանները (որոնց թվում նաև` իմ լավ ընկերները), ովքեր որպես թիրախ են ընտրել Լուսինե Սահակյանին, Երվանդ Վարոսյանին և Նիկոլայ Բաղդասարյանին` թող չմոռանան, որ ի դեմս այդ անձանց գործ ունենք ՀՀ լավագույն փաստաբաններից երեքի հետ: Անկախ մյուս բոլոր հանգամանքներից, նախասիրություններից, անձնական հաշիվներից և այլնից, մենք պետք է լավ գիտակցենք ու միշտ հիշենք, որ փաստաբանական ինստիտուտի ներկայիս ծանրակշիռ դերը (որի մասին մի տաս տարի առաջ կարելի էր միայն երազել) շատ մեջ չափով ձեռք է բերվել հենց այդ փաստաբանների ջանասիրության, անձնազոհության և մասնագիտական բարձր որակների շնորհիվ: Ցանկացած մասնագիտական միավորման մեջ (լինի դա արվեստագետների, սպորտսմենների թե այլ մասնագետների) այդ մասնագիտության առաջատարները բոլոր դեպքերում առանձնակի դեր են ունենում և հատուկ հարգանք են վայելում` անկախ մյուս բոլոր հանգամանքներից: Մեզ մոտ նույնպես պետք է այդ ավանդույթն արմատավորվի: Եթե մասնագիտության մեջ առաջին քայլներն անող փաստաբան իրեն թույլ է տալիս ծաղրական տոնով արտահայտվել այս մասնագիտության ամենաակնառու անձանցից մեկի կամ մի քանիսի հասցեին` դա շատ վատ երևույթ է` անկախ դեմքերից:

ՀԱՏՈՒԿ կուզեի խնդրել, որ ստեղծված ոչ միանշանակ (սակայն` ոչ ճգնաժամային, ինչպես շատերն են գնահատում) իրավիճակը ոչ ոք չփորձի ծառայեցներ իր սեփական շահերին` «պղտոր ջրում չփորձի ձուկ որսալ»:

Հարգելի գործընկերներ: Հասել ենք այնպսի իրավիճակի, երբ բոլորս պետք է պատրաստ լինենք որոշակի զիջումների: Խնդրում եմ` ցանկացած բան, որ ձեր անունից տեղադրում եք` նախ և առաջ գնահատել այն տեսանկյունից, թե արդյոք այն էլ ավելի չի թեժացնի կրքերը:

Զսպվածության և համերաշխության կոչ եմ անում բոլորին: Հարգանքով` Հայկ Ալումյան, փաստաբան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել