Ի՞նչ նամակ է Պերմյակովը գրել հարազատներին. փաստաբանները որոշ հանգամանքներ են ներկայացնում Ավետիսյանների սպանության դեպքից

«Սպանության կատարումից հետո, երբ Վալերի Պերմյակովը գտնվել է անազատության մեջ և կատարվել է խուզարկություն վերջինիս մոտ հայտնաբերվել է նամակ ուղղված իր ծնողներին, որտեղ նա նշել է, որ այն ինչ կատարվել է դա ինքը չի արել, այլ իմ մեջ ապրող մարդը: Ըստ Պերմյակովի՝ նա չի կարողանում հասկանալ, թե ինչպես է նա կատարել այդ հանցագործությունը, քանի որ իր համար երեխաները նուրբ ծաղիկներ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը:

Նա հաղորդեց, որ մեղադրյալ Վալերի Պերմյակովն իր ցուցմունքում նշել է, որ ի սկզբանե զորամասը լքել է ,որպեսզի փորձի սահմանները հատելով հասնել Ռուսաստանի Դաշնություն, զենք է վերցրել՝ հագուստ և գումար հայթայթելու նպատակով: Ավետիսյանների տուն մտել է, քանի որ առաջին բաց դարպասը, որը նրան հանդիպել էր, հենց հայ ընտանիքին էր պատկանում: Երբ Ավետիսյանների տանը իրեն նկատել են, խուճապի է ենթարկվել և սպանել հայ ընտանիքի անդամներին:

Ինչպես նշեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ երեխաների սպանության մասին Պերմյակովը ասել է. «Ես ինձ կորցրած վիճակում եմ եղել, իսկ երեխաները չէին լռում: Նեռվերիս վրա ազդում էին»: Սպանությունից հետո նա զգեստափոխվել է, Ավետիսյանների ընտանիքից վերցրել է բջջային հեռախոսները և գնացել է Թուրքիայի սահման՝ խուսափելու պատասխանատվությունից:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը հավելեց, որ ստի դետեկտորի օգնությամբ փորձել են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ըստ Պերմյակովի պատկերացման, որովհետև դրանք կարող են որոշակիորեն տարբերվել իրականությունից: Դեպքի վերաբերյալ էական հարցեր տրվելիս նրա մոտ ինչ-որ հակաազդակներ են ի հայտ եկել, ինչը նշանակում է, որ նա անհանգստություն էր ապրում, ի տարբերություն այն դեպքերի երբ ոչ էական հարցեր էին տալիս: Այն հարցին՝ արդյոք նա մենա՞կ է եղել, թե՞ ոչ, ազդակներ են գրանցվել, որ վերջինս հանցագործությունը կատարել է միայնակ:

Երեմ Սարգսյանը հավելեց, որ Պերմյակովի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է կատարվել և պարզվել է, որ հունվարի 10-ից 12-ը ընկած ժամանակահատվածում որևէ մարմնական վնասվածք կամ դրա ապաքինման հետքեր չեն հայտնաբերվել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Ավետիսյանների տանը չի եղել որևէ պայքար: Նաև կատարվել է արյան փորձաքննություն, որի արդյունքում ալկոհոլի կամ թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել:

Իսկ այց բանից հետո երբ ռուսական կողմից ուղարկված քրեական գործը թարգմանվել էր, պարզ էր դարձել, որ Պերմյակովի ձախ և աջ ձեռքերի ներսի հատվածում, քթանցքներում, վերնաշապիկի երկու թևքերին, ինչպես նաև ձախ ականջախեցում հայտնաբերվել էին կրակոցի արգասիքներ, ինչը վկայում է այն մասին, որ կարճ ժամանակ առաջ նա կամ կրակոցներ է արձակել կամ անմիջական գտվել է կրակոցներ արձակողի կողքին:

Այնուամենայնիվ 3 փաստաբաններն էլ միաձայն նշեցին, որ կասկածից վեր է, որ Պերմյակովին սպառնում է ցմահ ազատազրկում, ինչպես նաև կպատժվեն այն անձիք, ովքեր պատշաճ ուշադրություն չէին դարձրել Պերմյակովի վարքագծին, որը մինչ սպանությունն էլ տարօրինակ էր, փաստաբանները պարզաբանեցին, փախուստից մի քանի օր առաջ նա սկսել է անընդհատ լացել՝ պատճառաբանելով, որ մայրը մահացել է, սակայն այդ ինֆորմացիան չի համապատասխանել իրականությանը: Բացի այդ, օրինական  փաստաթղթով նրան արգելվում էր զենքով ծառայությունը, որին սակայն նույնպես պատշաճ ուշադրություն չի դարձվել:

Փաստաբանները նաև պատմեցին, որ քննիչը հարց է տվել մեղադրյալին, թե արդյոք չի՞ ցավում իր հոգին կատարած ոճրի պատճառով, Պերմյակովը ժպտալով պատասխանել է. «Իմ մարմնի ոչ մի տեղը չի ցավում, ինչպե՞ս կարող է հոգին ցավալ»:

Վերջում բանախոսներն ասացին, որ Վալերի Պերմյակովը 14  տարեկանից սկսած օգտագործել է ոգելից խմիչքներ և թմրանյութեր՝ միևնույն ժամանակ գտնվելով հոգեբուժների հսկողության տակ:

Արևիկ Վանցյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել