Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների և Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվաքանակի ավելացման անհրաժեշտություն կա: Նշվում է կառավարության որոշման նախագծում, որը գործադիրի վաղվա նիստին պետք է ներկայացնի Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Ըստ նախագծի այս հանգամանքը պայմանավորված է հետևյալ պատճառներով.
2013 թվականի ընթացքում ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացվել է 4039 քրեական գործ, 2014 թվականի ընթացքում` 4021 քրեական գործ։
2013 թվականի ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացվել է 1518 քրեական գործ, 2014 թվականի ընթացքում` 1487 քրեական գործ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում առկա է քրեական մասնագիտացում ունեցող դատավորի 23 հաստիք։
Հետևաբար, Երևան քաղաքում քրեական մասնագիտացում ունեցող մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը 2013 թվականին կազմել է 66 քրեական գործ, իսկ 2014 թվականին` մոտ 65 քրեական գործ։ Այսպիսով, վերջին երկու տարիների կտրվածքով Երևան քաղաքում մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը կազմում է մոտ 65 գործ /66+65=131։2=65.5/։
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2013 թվականի ընթացքում ստացվել է 242 քրեական գործ, իսկ 2014 թվականի ընթացքում` 275 քրեական գործ։
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում առկա է քրեական մասնագիտացում ունեցող դատավորի 3 հաստիք։
Հետևաբար, 2013 թվականին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացում ունեցող մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 81 քրեական գործ, իսկ 2014 թվականին` 92 քրեական գործ։
Նախագծում նշվում է, որ տվյալ դատարանի մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունն ուսումնասիրվող ժամանակահատվածում գերազանցում է Երևան քաղաքում մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությանը։
Ինչպես նշվեց վերը, վերջին երկու տարիների կտրվածքով Երևան քաղաքում քրեական գործերով մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը կազմում է մոտ 65 քրեական գործ, մինչդեռ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` մոտ 86 գործ /81+92=173։2=86.5/։
Այսպիսով, տվյալ դատարանի մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունն ավել է Երևան քաղաքում մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունից 1.3 անգամ։
Հետևաբար, առաջարկվում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական մասնագիտացում ունեցող մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը Երևան քաղաքում քրեական գործերով մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությանը համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է քրեական մասնագիտացում ունեցող դատավորի լրացուցիչ 2 հաստիք, որի արդյունքում քրեական մասնագիտացում ունեցող դատավորների թիվը կկազմի 5։
Ամբողջ նախագիծն այստեղ՝ ՀՀ օրենքի նախագիծ, հիմնավորում, տեղեկանքներ