Ամուսիններ 46-ամյա Ռուբենն ու 44-ամյա Արմինեն (անունները փոխված են) ամբաստնյալի աթոռին են՝ միմյանց ծեծելու, մարմնական վնասվածք հասցնելու համար:
Համաձայն գործի նյութերի՝ 2009 թվականի հունվարի 27-ի երեկոյան Ռուբենը կնոջ հետ վիճել է, ձեռքերով ու ոտքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով` կրծքավանդակի, զույգ վերին վերջույթների շրջանների քերծվածքների, արյունազեղումների, ենթամաշկային արյունահավաքների ձևով:
Նույն օրը վիճաբանության ժամանակ Արմինեն հատակ մաքրելու փայտով հարվածել է ամուսնու ձախ ուսի շրջանին, իսկ ձեռքերով և ոտքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին` Ռուբենի առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք` աջ դաստակի 5-րդ մատի քերծվածքի ձևով:
Որոշ ժամանակ հետո նորից վեճ է եղել: Այս անգամ էլ՝ փետրվարի 13-ի երեկոյան իրենց տան դարբասի առջև վիճաբանել է ամուսնու քրոջ հետ՝ ձեռքի պայուսակով դիտավորությամբ հարվածել է նրա գլխին և քաշքշել նրան` նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք` աջ սրունքի մ/3-ի արյունազեղման, աջ քիթ-շրթունքային շրջանի, ձախ դաստակի 5-րդ մատի ճանկռվածքների ձևով:
Այնուհետև Ռուբենն է վիճել կնոջ հետ, ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս ձեռքերի, կրծքավանդակի և գլխի շրջանին, որից հետո նույն հասցեում գտնվող ավտոտնակից հանել է իրենց ավտոմեքենան և կանգնեցրել տան մուտքի դարբասի մոտ: Այդ պահին Արմինեն պահանջել է, որ նա իջնի ավտոմեքենայից, ինչից Ռուբենը բորբոքվելով իջել և ձեռքերով դիտավորությամբ հարվածել է կնոջ գլխին: Կինը գետնին ընկնել և գլուխը հարվածել ավտոտնակի բաց դարբասին` ստանալով միջին ծանրության մարմնական վնաս` առողջության տևական քայքայումով:
Այս գործը քննվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 19.06.2009թ. որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ ամուսինների հանդեպ հարուցված քրեական գործերը կարճվել են: