Նախկինում 2 անգամ դատված 51-ամյա Անդրանիկ Գևորգյանը կրկին հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Ամբաստանյալի գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դտարանում` Արտաշ Գաբրիելյանի նախագահությամբ: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:
Դատարանը կատարելով լրիվ և օբյեկտիվ քննություն` պարզել է, որ Անդրանիկ Գևորգյանը, պարտքը չվերադարձնելու կապակցությամբ, վիճաբանել է իր հարևան Արմեն Աբրահամյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած խոհանոցային դանակով Ա.Աբրահամյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ երեք անգամ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին և վերջինիս առողջությանը պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Գործով ձեռք բերված ապացույցների հետազոտման արդյունքում դատարանը պարզել է նաև, որ Անդրանիկ Գևորգյանը հանցագործությունը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ վիճաբանությանը միջամտել է հարևանը:
Քրեական գործի քննության շրջանականերում տուժող Արմեն Աբրահամյանը դատարանին խնդրել է նաև ամբաստանյալ Անդրանիկ Գևորգյանից հօգուտ իրեն բռնագանձել 400.000 ՀՀ դրամ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում։Սակայն դատարանը չի բավարարել նրա պահանջը, քանի որ տուժողը քննության ընթացքում հայցադիմում չի ներկայացրել:
Դատարանը հիմվելով գործով ձեռք բերված ապացույցների վրա, հաշվի առնելով ամբաստանյալի կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, վերջինիս անձը բնութագրող հատկանիշները, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, վճռեց`
Անդրանիկ Գևորգյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման` 11 տարի և 3 ամիս ժամկետով, իսկ
տուժող Արմեն Աբրահամյանին իրավունք վերապահել քաղաքացիական հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով։
Ամբաստանյալից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 118 հազար ՀՀ դրամ` որպես դատական ծախս։
Ամբաստանյալի պաշտպանը գործը բողոքարկել է վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել և փոփոխել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և նշանակել համաչափ պատիժ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լ.Մ.