Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալի աթոռին երեք երիտասարդ աղջիկներ են՝ 24-ամյա Նելի Ս.-ն, 21-ամյա Մարիամ Կ.-ն և 25-ամյա Ռիմա Վ.-ն. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ աղջիկները, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, գույք հափշտակելու նպատակով նախնական դերաբաշխում են իրականացրել. տարբեր հասցեներում գործող «Երևան Սիթի» խանութներից հափշտակել են ընդհանուր 63.400 դրամի քաղցրավենիք, տնտեսական ապրանքներ, բանջարեղեն:
2014թ. ապրիլի 30-ին աղջիկներից Նելի Ս.-ն և Մարիամ Կ.-ն մուտք են գործել «Երևան Սիթի» սուպերմարկետ, փորձել են գաղտնի հափշտակել տարբեր իրեր, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներում:
Հարուցվել է քրեական գործ, որը քննվում է Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դ. Հարությունյանի նախագահությամբ:
Գործի քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ՝դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Զ.Մանուչարյան