Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից Հայաստանի դեմ ընդունած վճիռների զգալի մասը վերաբերում են արդար դատաքննության իրավունքի խախտումներին: Եվ երբեմն դիրքորոշումներ են հնչում, որ նման դեպքում, երբ պետությունը ստիպված մի քանի հազար եվրոյի փոխհատուցում է վճարում քաղաքացուն, պետք է նաև ռեգրեսիվ հայցով այ գումարները բռնագանձի հենց այն դատավորներից, որոնց վճիռների պատճառով գործը հասել է ՄԻԵԴ: Սակայն այս դիրքորոշումը միանշանակորեն չի ընդունվում.
«Եթե նման դրույթ լիներ, ես, որպես իրավաբան, խնդիր կունենայի այդ դրույթի հետ, որովհետև դա խախտում է դատավորների անկախության սկզբունքը: Դատավորն իր վճիռներն ընդունելիս պետք է ազատ լինի և պատասխանտու լինի միայն իր խղճի առջև: Իսկ եթե վախենա իր կայացրած վճիռների համար, թե կարող են սանկցիա կիրառել, նա չի կարող ազատ վճիռներ կայացնել»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է գերմանացի փաստաբան Շտեֆան ֆոն Ռաումերը:
Նա նշում է, որ Գերմանիայում հնարավոր է բոլոր պաշտոնյաներին դատի տալ՝ ապօրինի գործողությունների համար, բացառությամբ՝ դատավորի, քանի որ գոյություն ունի, այսպես կոչված «դատավորի արտոնություն» սկզբունքը: Սակայն դատավորի դեմ բողոքելու մեկ բացառիկ դեպք կա, երբ դատավորությունն անհիմն ձգձգվում է, և այս դեպքում էլ հայցը ոչ թե անձնապես դատավորի դեմ է լինում, այլ նրան այդ պաշտոնում նշանակած պետության: