Ցանկացած անձի նկատմամբ՝ կասածյալ կամ մեղադրյալ, ում նկատմամբ ընտրվում է «ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին» խափանման միջոցը, պետք է ապահովվի, որ քննիչները նրա անձնագիրը կարողանան վերցնել. այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ նշելով, թե վերոնշյալի վերաբերյալ համապատասխան հանձնարարական է տվել դատախազներին:
Քննիչներին տրված այս հանձնարարությունը, ըստ փաստաբան Հունան Բաբայանի, ապօրինություն է: Իրավաբան.net -ի հետ զրույցում նա նշում է, որ նախկինում անձնագիրը քրեական գործին կցելու հետ կապված պահանջը կարգավորվում էր կառավարության որոշմամբ, հետո նաև օրենսդրությամբ՝ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքով.
«Այսպիսի կետ մտցրեցին, որ կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձի անձնագիրը կցում են քրեական գործին: Բայց այստեղ աբսուրդը այն է, որ Քրեական դատավարության օրենսգիրքը այդպիսի լիազորություններով չի օժտել ոչ դատախազին, ոչ հետաքննության մարմնին, ոչ էլ նույնիսկ դատարանին: Եվ Քրեական դատավարության օրենսգիրքը ավելի վաղ է ընդունվել, քան «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքը»:
Փաստաբանը նշում է, որ այս հանձնարարականը միանշանակորեն կիրառելու դեպքում խախտվելու է անձի մի շարք իրավունքներ. եթե անձի վերաբերյալ գործ է քննվում ու գործի քննությունը ձգվում է մինչև 6 ամիս, մեկ տարի, ապա անձը այս ընթացքում զրկված է լինում որևէ քաղաքացիական գործարք կատարելու հնարավորությունից՝ օրինակ թոշակ ստանալու, բանկային գործարքներ կատարելու, աշխատանքային պայմանագրեր կնքելու.
«Խնդիր է նաև այն, որ անձը չի կարող իրավաբանական ծառայություն մատուցելու պայմանագիր կնքել, որովհետև օրենքով այդպիսի պայմանագիր կնքելու համար անձնագրային տվյալները պարտադիր են: Ստացվում է, որ նա զրկվում է նաև սեփական գործով սեփական պաշտպանությունը իրականացնելու համար պայմանագիր կնքելու հնարավորությունից: Եթե գան ասեն՝ ես այսինչ մարդն եմ, ես ո՟նց վստահեմ նրանց»,-ասաց պարոն Բաբայանը:
Մինչդեռ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը համամիտ չէ այս տեսակետի հետ: Վերջինիս խոսքով, իրավունքների ոտնհարման կամ ապօրինության մասին խոսք անգամ չի կարող լինել, իսկ ինչ վերաբերում է գործարքներ կնքելուն, նշում է. «Նախ ոչ բոլոր դեպքերում են անձնագիրը կցելու քրեական գործին, բայց, այնուամենայնիվ, եթե քաղաքացին պետք է գործարք կնքի, նա իրավունք ունի դիմելու քննիչին և ստանալու իր անձնագիրը: Ես նման շատ դեպքեր գիտեմ, որ կարողացել են անձնագիրը քննիչի մոտից վերցնել»,- Իրավաբան.net -ի հետ զրույցում ասաց Լ. Սիմոնյանը:
Իսկ մեր այն հարցին, թե արդյո՞ք քննիչին դիմելու և անձնագիրը վերադարձնելու այդ գործընթացը շատ ժամանակ չի խլի, պատասխանեց. «Կարծում եմ` ժամանակին կտրամադրեն»:
Սակայն Հունան Բաբայանը նշում է, որ երկրից չբացակայելն ապահովելու ավելի արդյունավետ տարբերակներ կան, քան անձնագիրը վերցնելը: Օրինակ, գոյություն ունի մի համակարգ, որը հեշտությամբ արգելափակում է անձի ելքն ու մուտքը.
«Եթե վարույթն իրականացնող մարմինը շատ է ուզում, որ մարդը չհատի երկրի սահմանը, համակարգչի միջոցով գրություն են ուղարկում քրեական հետախուզության գլխավոր վարչություն և սահմանային կետերում էլեկտրոնային համակարգը շատ արագ արգելափակում է նրա երկիրը լքելու հնարավորությունը»:
Լ.Մամյան