Փաստաբանները երկրում իրավական դաշտի առաջընթացը ապահովող կարևորագույն մասնագետն են. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է գերմանացի փաստաբան Շտեֆան ֆոն Ռաումերը, ով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային նվիրված երկօրյա սեմինարի ուսուցանողներից էր:
«Եթե չլինեն փաստաբանները, ովքեր աշխատում թե ներպետական դատարաների, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հետ, և չլինի նրանց փորձն ու նախադեպերի իմացությունը, որոնք նրանք բերում են ազգային դատարաններ, ապա առաջընթաց չլինի: Քանի որ տեղական դատավորները, որպես կանոն, տեղյակ չեն լինում ՄԻԵԴ պրակտիկայից, այնտեղ քննվող գործերից»,- ասաց Շտեֆան ֆոն Ռաումերը:
Ինչ վերաբերում է սեմինարին, ապա գերմանացի փաստաբանի խոսքով, այն հաջողված էր. մասնակիցների հարցերից հասկանալի է, որ քննարկվող թեմաները նրանց համար հետաքրքիր են եղել:
Այսօր ավարտվեց սեմինարը, որը կազմակերպել էին Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) և Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ)` ՀՀ Փաստաբանների պալատի հետ գործընկերությամբ:
Սեմինարի մասնակից, փաստաբան Հայկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դասընթացի ժամանակ ձեռքբերված հմտություններն օգտակար կլինեն հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դիմելու համար. նա նշեց, որ պատրաստվում է մի քանի գործով դիմել ՄԻԵԴ:
Մեկ այլ մասնակից, փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը Իրավաբան.net -ի հետ զրույցում նշեց, որ դասընթացը տարբերվում էր ՄԻԵԴ դիմելու ընթացակարգերի և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի մասին այլ վերապատրաստումներից. «Դասընթացավարը մասնագիտացված է Գերմանիայից ՄԻԵԴ ներկայացվող գանգատների վրա, ինչը բավականին տարբերվում է ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացվող բողոքներից՝ դատական համակարգերի կայացվածության աստիճանի, իրավագիտակցության մակարդակի և ներպետական իրավական խնդիրների բազմազանությունից ելնելով: Օգտակար էին փոխհատուցման գործերով ներկայացված փաստարկները նույնիսկ ներպետական ատյաններում, քանի որ դրանք հնարավոր է օգտագործել նաև մեր իրականության մեջ»:
Ն. Փիլիպոսյանի խոսքով, արդյունավետ է եղել նաև մյուս դասընթացավար Տիգրան Սաֆարյանի ներկայացրած նյութերը, որոնք վերաբերել են ՄԻԵԴ դիմելու հայաստանյան պրակտիկային. գործնական գիտելիքները հետագայում մեծապես կօգնեն՝ ՄԻԵԴ գանգատներ ներկայացնելիս:
Նշենք, որ այսօր դասընթացի ժամանակ ներկայացվել են ազգային դատարանների համար ՄԻԵԴ-ի կարևորությանն առնչվող հարցեր, ինչպեսև ՄԻԵԴ բողոք ներկայացնելու պայմանները:
Տես նաև՝ Փաստաբանների վերապատրաստումներ. զուգակցվում է գերմանական և տեղական փորձը